Դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննարկման կարգը

Պատժի ժամկետի` օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցերը քննարկելու նպատակով պատիժը կատարող հիմնարկի վարչական հանձնաժողովը մեկամսյա ժամկետում պարտադիր հրավիրում է նիստ:

Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Վարչական հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և քրեակատարողական հիմնարկի ծառայողները, հասարակական դիտորդների խմբի անդամները, որոնք քվեարկության իրավունք չունեն:

Նիստը վարում է վարչական հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ հիմնարկի պետին փոխարինող անձը:

Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը վարչական հանձնաժողովին ներկայացնում է հանձնաժողովի նախագահի տեղակալը` հիմք ընդունելով դատապարտյալի անձնական գործը, որում պետք է ներառված լինի նաև դատապարտյալի վերաբերյալ բնութագիրը:

Հարցի քննարկումը տեղի է ունենում դատապարտյալի ներկայությամբ` նրա ցանկությամբ:

Վարչական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է հայտնել դատապարտյալի մասին իր կարծիքը:

Դատապարտյալը կարող է տալ բացատրություններ` իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ:

Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին ներկա գտնվող վարչական հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

Ձայների հավասարության դեպքում վճռորոշ ձայնի իրավունքը պատկանում է վարչական հանձնաժողովի նախագահին կամ, նրա բացակայության դեպքում, նրան փոխարինող անձին:

Քվեարկությունը տեղի է ունենում դատապարտյալի բացակայությամբ: Որոշում ընդունելիս վարչական հանձնաժողովի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Որոշման արդյունքների մասին որոշումն ընդունելուց հետո անհապաղ տեղեկացվում է դատապարտյալին:

Վարչական հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդագիր դատարան ներկայացնելու վերաբերյալ,
բ) դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդագիր դատարան չներկայացնելու վերաբերյալ,
գ) դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդագիր դատարան ներկայացնելու վերաբերյալ հարցի քննարկումը հետաձգելու վերաբերյալ:

Նշենք, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինումը դատարանի կողմից մերժվելու դեպքում այդ հարցի վերաբերյալ միջնորդագրի կրկին քննարկում կարող է տեղի ունենալ ոչ շուտ, քան մերժման վերաբերյալ որոշում ընդունելու օրվանից 6 ամիս անց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել