Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբ

Մեկնարկում է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը: ՀՀ կառավարության թիվ 1667-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման» կարգում կատարված վերջին փոփոխությամբ սահմանվել է, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա

Նոր կարգավորման համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը մինչև 2024 թվականի մայիսի 29-ը Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների  անձնական գործերում պետք է կատարի «ենթակա է ատեստավորման» նշումը և իրականացնի կարիքների գնահատման գործընթացը:  

Այս տարի վերապատրաստման և ատեստավորման ենթակա են՝ 

  1. 5 տարվա շրջափուլով  հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչները,
  2. մինչև 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող  ուսուցիչները, 
  3. առարկայական գիտելիքի  իմացության կարիք ունեցող ուսուցիչները:

Մասնագիտական կարիքի գնահատումն իրականացվում է ուսուցչի և տնօրենի կողմից Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (ԴԿՏՀ)՝ հարցաթերթիկի լրացման միջոցով: Տնօրենի և ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի կարիքի գնահատումը: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը ձևավորվում է ըստ մոդուլների՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը: 

Տվյալ շրջափուլում վերապատրաստումների արդյունքում չատեստավորված ուսուցիչը հաջորդ տարի ենթակա է ատեստավորման տվյալ մակարդակում: Ընդ որում՝ հաջորդ տարի պետական միջոցների հաշվին ուսուցչի համար վերապատրաստում չի իրականացվում: Ուսուցիչը կարող է մասնակցել վերապատրաստումներին սեփական միջոցների հաշվին կամ անցնել ատեստավորում՝ առանց վերապատրաստումների մասնակցության:

Ուսուցիչն ատեստավորման համար պահանջվող կրեդիտները, մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան, կարող է հավաքել ատեստավորման համապատասխան շրջափուլի ընթացքում: Կրեդիտները սահմանվում են` համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի ապրիլի  30-ի N 648-Ա/2 հրամանի:

Ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն տվյալ հաստատության տնօրենն է:

Հարկ է նշել, որ ուսուցչի՝ առարկայական գիտելիքի իմացության կարիքը կարող է ներկայացվել ինչպես տնօրենի, այնպես էլ ուսուցչի կողմից:

Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում ուսուցչի վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա՝ տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից: Նշված խմբի ուսուցիչների համար ատեստավորումն իրականացվելու է առարկայական գիտելիքների ստուգման միջոցով:

Վերապատրաստման ավարտից հետո ուսուցիչը կենտրոնացված գնահատման արդյունքների հիման վրա ստանում է կրեդիտներ, որոնք ինքնաշխատ եղանակով ձևավորվում են ԴԿՏ համակարգում: Վերապատրաստված ուսուցիչների կրեդիտները  շնորհվում են նախարարի հրամանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել