Բագրատ Սրբազանի դեմ սկսած արշավն ու վիրավորանքները խիստ անընդունելի ու զազրելի են, առավել ևս, երբ բխում են իշխանություն ու հանրային ազդեցություն ունեցող անձանցից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի արել ու անում, հակառակը՝ պայքարում է իր դավանած արժեքների ու գաղափարների, իր ու մեր սեփական հայրենիքի համար՝ պահելով իր բարձր մակարդակն ու պարկեշտությունը:
Ես բախտ եմ ունեցել Սրբազանի հետ բազմիցս շփվելու, մտքեր փոխանակելու ազգային ու համամարդկային բազմաթիվ հարցերի շուրջ, և միշտ տպավորված եմ եղել նրա արժեհամակարգով, հոգևոր ու մարդկային որակներով:
Հիշում եմ, երբ 2020թ. նոյեմբերի 4-ին կամ 5-ին Ստեփանակերտում գտնվող Բագրատ Սրբազանը, լսելով Շուշիի մոտ մարտերի մասին, զանգահարեց ինձ և հարցրեց, թե ինչպես կարող է բարձրանալ Շուշի: Իմ ստացած տեղեկությունների հիման վրա՝ նրան խորհուրդ տվեցի չվտանգել իր կյանքը: Հետո իմացա, որ նա, այնուամենայնիվ, մտել էր Շուշի և աղոթել Ղազանչեցոցում:
Ինձ համար Բագրատ Սրբազանը բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է, ով ծառայող առաջնորդության շատ լավ օրինակ է ցույց տալիս: Պետք է հավատալ նրա իմաստուն ու արժեքահեն առաջնորդությանը, կանգնել նրա կողքին և պաշտպանել նրան չարի հարձակումներից:
Համամիտ չե՞ք նրա պայքարի ու քարոզած մոտեցումների հետ, ապա բավարար էթիկա, քաղաքական մշակույթ ու մասնագիտական կարողություններ ցուցաբերեք ժողովրդին հակառակում համոզելու հարցում, ոչ թե կիրառեք կեղտոտ տեխնոլոգիաներ Բագրատ Սրբազանին և այլ պայքարողների անվանարկելու, զրպարտելու, վիրավորելու, զազրախոսելու և այլ մեղքերով «ռմբակոծելու» համար: Էլ չասեմ, թե որքան դատապարտելի է բիրտ ուժի կիրառումը իրենց հայրենի օջախները պաշտպանող անձանց հանդեպ:
«Հինգերորդ շարասյան» ու «օտարերկրյա գործակալների» վերաբերյալ հեքիաթներն էլ վաղուց ծիծաղելի են, որ պատմում եք բոլոր ընդդիմախոսների մասին՝ պարզապես նրանց հեղինակազրկելու համար: Եթե Բագրատ Սրբազանն էլ է «օտարերկրյա գործակալ», ապա ազգովի նվազագույնը սատանիստներ ենք, իսկ Սրբազանն էլ, այո, կարող է գործակալ լինել, սակայն՝ Աստծո գործակալը…
Թեև քաղաքական բարձր մշակույթ պահելու պարտավորությունը բոլոր քաղաքական ու հասարակական ուժերինն է, և նշված խնդիրները շատերի մոտ են դրսևորվում, սակայն ցանկացած երկրում քաղաքական մշակույթի ու ազգային համախմբվածության դիրիժորը գործող իշխանությունն է լինում: Ուստի, ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը: Իսկ մեր իրական թշնամիները հրճվանքով նայում են և անընդհատ կրակին յուղ լցնում:
Վստահ եմ՝ մեր ազգի վերածնունդը դեռ գալու է: Ձմեռը որքան էլ խիստ լինի, միևնույն է՝ գարունը կգա»,-գրել է Բեգլարյանը։