Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով

Ավարտվել է Հնդկաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների կողմից Երևան քաղաքի Հասրաթյան փողոցում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության, ևս մեկի առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 անձի մասով։

2023 թ․ հունիսի 19-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ նշված հասցեում գործող բենզալցակայանի մոտ հնդիկ երիտասարդի դի կա՝ մեջքի շրջանում կտրած-ծակած վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ առերևույթ հանցանքը կատարել է վերջինիս հայրենակիցը՝ Հնդկաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանության ընթացքում։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով, ՀՀ-ում կացության հիմքով գտնվող Հնդկաստանի 28-ամյա քաղաքացին իր հայրենակիցներին այստեղ աշխատանքի տեղավորելու հարցի շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել Երևանում գտնվող իր 2 այլ համերկրացիների հետ և այդ ընթացքում հնչած հայհոյանքների պատճառով մտադրվել է վերջիններիս նվաստացնել։

Այդ նպատակով, իր հետ հեռախոսազույց ունեցած անձանցից մեկի՝ 30-ամյա հնդիկ երիտասարդի հետ պայմանավորվել է իբրև թե պարզաբանումներ ստանալու համար հանդիպել Հասրաթյան փողոցում գտնվող բենզալցակայանի մոտակայքում։

Դրանից հետո, նախապես հավաքելով Երևանում գտնվող իր ծանոթ հայրենակիցներին, 28-ամյա երիտասարդը 2023 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, նրանց հետ խմբով գնացել է նշված հասցե, որտեղ հանդիպելով իր 30-ամյա հայրենակցին ու նրա 2 ընկերներին՝ վերջիններիս արժանապատվությունը վիրավորելու նպատակով կատարել են առերևույթ խուլիգանություն։

Մասնավորապես, 28-ամյա երիտասարդի կազմակերպմամբ՝ նրա 26-ամյա ընկերն ու քննությամբ ինքնությունները չպարզված մյուս անձինք, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բենզալցակայանի բնականոն աշխատանքը խոչընդոտելով, վիճաբանության են բռնվել հակառակ կողմի հետ, նրանց հասցեին հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ։

Այնուհետև, 28-ամյա հնդիկ երիտասարդի 26-ամյա ընկերը նախ ձեռքերով, ապա դանակով, իսկ նրանց խմբից ինքնությունը դեռևս չպարզված մեկ այլ անձ՝ մահակով հարվածներ են հասցրել 30-ամյա տղամարդու ընկերոջը, նրան պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածնքներ։

Բացի այդ, հիշյալ 26-ամյա երիտասարդը հետապնդել է վիճաբանության ընթացքում դեպի բենզալցակայանի հետնամասը հեռացած 30-ամյա իր հայրենակցին, որտեղ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել վերջինիս, ինչի հետևանքով տղամարդը մահացել է։ Դրանից հետո, խումբը՝ Հնդկաստանի 28-ամյա քաղաքացին, նրա 26-ամյա ընկերն ու ինքնությունները չպազված մյուս անձինք դիմել են փախուստի։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիմա վրա՝ առերևույթ խուլիգանությունը կազմակերպած 28-ամյա երիտասարդին ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 46-297-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա 26-ամյա ընկերոջը՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Հիշյալ 2 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է։ Նրանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։ Իրականացվում են քննչական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ առերևույթ խուլիգանական արարքներում ներգրավված մյուս անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել