«Նողկալի տեսանյութ հայտնվեց համացանցում, թե ինչպես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին ու դստերը թույլ չեն տալիս ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը․
«Ձեր արարքով հպարտացող, մի քանի «լայքի» համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվող ու ծնողներին «թուրք, դավաճան…» գոռացողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը, մի՞թե ձեր սեփականությունն է Ծիծեռնակաբերդը, ինչպես սեփականությունն էր Եռաբլուրը: Այսքանով սահմանափակվեմ… զորակցությունս ձեզ, Աննա Հակոբյան»:
Հիշեցնենք՝ Ծիծեռնակաբերդում նրանց դիմավորել են «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թուրք» վանկարկումներով։
Armtimes-ը, որի խմբագիրն է եղել Աննա Հակոբյանը, գրել է․ «․․․Հաշվի չառնելով օրվա խորհուրդը և վարչապետի դստեր տարիքը՝ նրանք հուշահամալիրի տարածքում սկսել են վիրավորող արտահայտություններ հնչեցնել:
Տեղի ունեցածը բացասաբար է ազդել երեխայի վրա, որը հուզվել է կատարվածից»:
Նույն լրատվամիջոցի պնդմամբ՝ վանկարկումները «Ազգային ժողովրդական բևռի» անդամների կողմից են եղել։