Հոսպիտալում տեղի ունեցածի համար պատասխանատվություն պետք է կրի պետությունը

Նոյեմբերի 2-ին արտակարգ միջադեպ էր տեղի ունեցել «Կանազ» զինվորական հոսպիտալում: Երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանությունեն սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի:

Այս մասին հայտարարություն էր տարածել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Կատարվածի արդյունքում, հոսպիատլից փախել է 4 զինվոր: ՊՆ քննչական ծառայության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ փախուստի դիմած զինվորները հայտնաբերվել են:

«Զինվորական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպը կարելի է համարել արտառոց: Դեպքի մանրամասները հաշվի առնելով, կարող ենք ենթադրել, որ տվյալ հոսպիտալում տիրում են այնպիսի բարքեր, որոնք թույլ են տալիս զինծառայողներին վիճաբանել միմյանց հետ, ծեծկռտուք սարքել, բժշկի վրա հարձակվել և դիմել փախուստի»,- Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԵԻԱ-ի (Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա) «Մարդու իրավունքների հանձնաժողով»-ի նախագահ Մարատ Ատովմյանը:

Ըստ նրա՝ հոսպիտալը պետական փակ տարածք է, իսկ յուրաքնաչյուր նման տարածքի համար պատասխանատվություն է կրում պետությունը. «Քանի որ հոսպիտալը պետական փակ տարածք է, ապա այնտեղ տեղի ունեցող ամեն ինչի համար պատասխանատու է պետությունը՝ ի դեմս այն մարդկանց, ովքեր ղեկավարում են այդ փակ տարածությունը»:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ այն անձինք, ովքեր պատասխանատու են զինվորական հոսպիտալում հաստատված կարգուկանոնի համար, պարտավոր էին ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ նման իրավիճակներից խուսափելու համար. «Անկախ այն հանգամանքից՝ վիճաբանությունը տեղի է ունեցել զինծառայողների միջև, թե ղեկավարության հետ, կարող ենք ասել, որ այս պարագայում խախտվել են մարդու իրավունքները»:

Նշենք, որ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ գործը դեռևս հետաքննության փուլում է. «Քրեական գործ դեռևս չի հարուցվել: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել