Հայկ Մարությանի Երևանի ավագանու անդամի լիազորությունները կդադարեցվեն․ որոշումն ընդունվեց

Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ավագանին այսօր՝ փետրվարի 7-ին, որոշում ընդունեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Հարցը ավագանու անդամներին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Նրա խոսքով՝ Հայկ Մարությանը անցկացված 42 քվեարկությունից մասնակցել է 0 քվեարկության, այսինքն՝ ոչ միայն կեսից ավելիից է բացակայել, այլ բոլոր քվեարկություններից։

Ելույթ ունեցավ նաև Հայկ Մարությանը․ «Այսօր այս դահլիճում նորից մի անամոթ որոշում է քննարկվում՝ մանդատից զրկել ավագանու մի քանի անդամի, այդ թվում՝ ինձ»։


Հավելենք, որ որոշման հիմնավորման մեջ նշված է․

««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Երևան քաղաքի ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին:

Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշմամբ ընդունված Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 71-րդ կետի 19-րդ ենթակետի համաձայն՝ բաց քվեարկությունն անցկացվում է էլեկտրոնային համակարգով` տասը վայրկյանի ընթացքում, բացառությամբ Օրենքով կամ նույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:

Հարկ է նշել, որ նստաշրջանի ընթացքում, բոլոր քվեարկությունները անցկացվել են բաց, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության 31.01.2024 թվականի N Ն/5195-24 գրության համաձայն՝ Երևան քաղաքի ավագանու 5-րդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում (2023 թվական) տեղի են ունեցել թվով 4 նիստեր, որոնց ընթացքում կազմակերպվել են թվով 42 քվեարկություններ: Նույն գրության համաձայն՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Հայկ Մարությանը մասնակցել է թվով 0 քվեարկությունների, այսինքն՝ նստաշրջանի ընթացքում բացակայել է քվեարկությունների կեսից ավելիից, իսկ բացակայությունները հարգելի համարվելու վերաբերյալ տվյալներ Երևանի քաղաքապետարան չեն ներկայացվել:

Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել