Նախատեսվում է պաշտոնատար անձանց նվերների ռեեստր ստեղծել

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ 2022-2024 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնեական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստր։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանվում է հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու արգելքը, նույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանվում է, որ նվերների հաշվառումը և հանձնումն իրականացվում են Կառավարության սահմանված կարգով, որը սակայն չի գործում, ինչի հետևանքով հանրային ծառայության ոլորտում հանրային ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունների կատարման ընթացքում ստացած նվերների հաշվառում և հանձնում գրեթե չեն կատարվում, այլ կերպ ասած՝ այս ինստիտուտի նկատմամբ որևէ վերահսկողական գործառույթ չի իրականացվում:

Հաշվի առնելով հանրային ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անհրաժեշտ է կատարելագործել նվերներ ընդունելու արգելքի ինստիտուտը, սահմանել նվերների ընդունման արգելքը պահպանող մարմին, ինչպես նաև նվերների հաշվառման և հանձնման կարգի առնչությամբ սահմանելով անհրաժեշտ կարգավորումներ, որոնք ոլորտը կդարձնեն առավել վերահսկելի և թափանցիկ:

Հանրային ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունների կատարման ընթացքում ստացած նվերների ընդունման և հանձնման գործընթացները հիմնականում պատշաճ չեն իրականացվել օրենսդրական բացերի, վերահսկողական մարմնի և հանրային ծառայության ոլորտում միասնական քաղաքականության իրականացման բացակայության պատճառով: Պատշաճ ձևակերպված չեն եղել «Նվեր», «Հյուրասիրություն», «Թույլատրելի նվեր» եզրույթները (ներկայումս սահմանված է «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածով)։ Միևնույն ժամանակ սահմանված չեն նվերների ընդունման արգելքի պահանջի կատարման, թույլատրելի նվերների ընդունման և դրանց հաշվառման պահանջների կատարման նկատմամբ հսկողության կարգավորումները եւ այդ գործառույթն իրականացնող լիազոր մարմինը: Բացի այդ, առկա չէ նվերների ռեեստր։

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրանից բխող 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրում նշվում է, որ 2022 թվականին «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների արդյունքում կատարելագործվել են շահերի բախման, անհամատեղելիության պահանջների վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումները, օրենսդրական մակարդակում կարգավորվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի և նվերների հաշվառման գործընթացի նկատմամբ վերահսկողության գործիքակազմի սահմանմանն ուղղված հիմնահարցերը: Թույլատրելի նվերի արժեք է սահմանվել 60․000 ՀՀ դրամը:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում նվերներ ընդունելու սահմանափակումների իրացման կառուցակարգերը ամբողջությամբ ամրապնդված չեն, նվերների հաշվառման կառուցակարգերը թերի են, դեռևս ձևավորված չէ նվերների ռեեստրը, սահմանված չեն պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող նվերների տնօրինման հետ կապված կարգավորումներ, իսկ պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման լիազորությունը, ըստ էության, վերապահված է միայն Պետական գույքի կառավարման կոմիտեին, ինչը խնդրահարույց է և իրավակիրառ պրակտիկայում մի շարք խնդիրներ կարող է առաջացնել:

Այս համատեքստում անհրաժեշտ է սահմանել պետության և համայնքի սեփականությունը դարձող նվերների տնօրինման եղանակները, կարգը, ըստ այդ նվերների առանձին տեսակների դրանց տնօրինման առանձնահատկությունները՝ տարանջատելով մշակութային արժեք ներկայացնող, շուտ փչացող, պահպանման էական ծախսեր պահանջող արարողակարգային նվերների, ոչ թույլատրելի նվերների, որպես պարգևատրում տրվող նվերների տնօրինման կանոնները, ինչպես նաև իրավասու մարմնին օրենքով վերապահել արարողակարգային նվերները հաշվառելու և դրանք տնօրինելու եղանակի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու լիազորություն:

Նշենք նաև, որ «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության կառավարությունը միացել է 2011 թվականին և անդամակցությունից ի վեր իրականացրել է չորս ազգային գործողությունների ծրագրեր, որոնք միտված էին բարելավելու կառավարության կողմից ստանձնած բարեփոխումների օրակարգը` դարձնելով դրանք ավելի թափանցիկ, հաշվետու, մասնակցային և նորարար։


Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել