Ի՞նչ նվերներ կարող են ընդունել հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները

Բարեվարքության համակարգը ներառում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները (այդ թվում՝ պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ), անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումներ և շահերի բախումը:

Սա սահմանված է «Հանրային ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով։

Այս օրենքով սահմանված է նաև, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չպետք է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունեն կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնեն:

Օրենքի համաձայն՝ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որևէ այլ ձևով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն, և որը տրամադրվում է պայմանավորված անձի (այդ թվում՝ նաև փոխկապակցված անձի) պաշտոն զբաղեցնելու հանգամանքով։

Նշենք նաև, որ այս հոդվածի համաձայն «հյուրասիրություն» է համարվում այն նվերը, որն առաջարկվել, տրվել կամ ստացվել է պաշտոնական հարաբերություններ սկսելու, դրանք ամրապնդելու կամ զարգացնելու նպատակով: Այն ընդգրկում է, բայց չի սահմանափակվում ընդունելության, ժամանցային, սոցիալական կամ սպորտային միջոցառումների հրավերներով և առաջարկներով:


Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել