«Ձեր ներս մտնելը կլինի դավաճանություն»,- այս մասին Երևանի ավագանու նիստին ընդառաջ՝ դիմելով նիստերի դահլիճ մտնող ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներին, ասացին «Մայր Հայաստան» խմբակցության անդամները։
«Հանրային ձայն»-ի անդամները լրագրողների հարցերին չպատասխանեցին, միայն ասացին. «Մենք մի հատ մտնենք նիստի, ուշանում ենք, դուրս գալուց կպատասխանենք»։
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը նրանց հետևից սկսեց գոռալ․ ««Հանրային ձայնն» իր շնությունը նորից արեց՝ ապահովելու երևանցու թալանը։ Տիգրան Ավինյանն ընտրվել է «Հանրային ձայնի» կողմից քվորում պահովելու շնորհիվ, հիմա էլ մտել են քվորում ապահովելու, որպեսզի Տիգրան Ավինյանն ու Նիկոլ Փաշինյանն առանց խոչընդոտի կարողանան իրականացնել հերթական թալան։
Հերիք է խաղաք ընդդիմություն, իբր երևանցու շահերն եք պաշտպանում։ Հերթական դավաճանությունն արեցին։ Դուք ազգի դավաճան եք։ Դոգ, լսում ես, դու ազգի դավաճան ես, դու վճարված ես, որպեսզի ընդդիմություն խաղաս։ Համոզված եմ՝ իրենց նախապես գրած սցենարով այժմ Դոգը խաղում է գրպանի ընդդիմություն»։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց. «Բոլորդ ականատես եղաք, թե որ քաղաքական ուժն ապահովեց քվորում։ Հետագա հնարավոր թանկացումների պատասխանատվությունը իշխանությունների հետ հավասարաչափ կիսելու է «Հանրային ձայն» կուսակցությունը։ Արձանագրեցինք, որ ընդունվելիք թանկացումները դեկտեմբերի 31-ի գիշերը երևանցիներին մատուցելու են նվեր թանկացումների տեսքով»։
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12 000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամի:
«Մայր Հայաստանն» առաջարկել էր ընդդիմադիր խմբակցություններին բոյկոտել նիստը։