Եղել է 30 տարբեր բնույթի վրիպակ. ԿԳՄՍՆ–ում քննարկել են «Հայոց պատմություն 7» դասագիրքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր:

Անդրադառնալով 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակին` նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը դասագրքի վերաբերյալ ստացել է մասնագիտական դիտարկումների շարք՝ շեշտելով, որ դրանք մանրակրկիտ ուսումնասիրվում են:

«Ներկայացված բոլոր մասնագիտական դիտարկումներն ընդունելով՝ պետք է աշխատանքներ տանենք դասագրքի բարելավման նպատակով»,- նշել է նախարարը` հավելելով, որ հանրային տարբեր շրջանակներում ուղղորդված շահարկումները պետք է զատել բովանդակային իրական խնդիրներից։

«Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը նշել է, որ իրենց կողմից դասագրքում արձանագրվել են մոտ 30 վրիպակներ, որոնք տարբեր բնույթի են և ունեն շտկման կարիք:

«Հաշվի են առնվելու թե՛ ծանրակշիռ գիտական փաստարկ պարունակող դիտարկումները, թե՛ բովանդակային հարցերը, թե՛ ժամանակագրության հետ կապված վրիպակները, թե՛ պատկերային նյութերը՝ կապված, մասնավորապես, Ուրարտուի քարտեզի և որոշ այլ նյութերի հետ»,– ասել է նա:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև դասագրքերում օգտագործվող էլեկտրոնային նյութերի բովանդակությունը և տեղեկատվական անվտանգությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ համակարգային լուծումների անհրաժեշտություն կա, և առաջիկայում մասնագիտական քննարկումներ են նախատեսվում։

Մյուս դասագրքերի հեղինակներն ու հրատարակչությունների ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարի առաջարկով ներկայացրել են իրենց դասագրքերի վերաբերյալ արձանագրված հիմնական խնդիրները՝ նշելով, որ դրանց լուծման վերաբերյալ իրենց առաջարկները կներկայացնեն նախարարություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել