ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի կորուստը վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին պատուհասած ամենամեծ ողբերգությունն է համարում։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում` ընդգծելով՝ ցավոք, բոլորի մոտ չէ, որ կա այդ գիտակցումը։
«Այդ գիտակցումը, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ դեռևս ամբողջովին առկա չէ, որ այս ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է եղել մեր պետականությանը»,- նշեց նա։
ՀՀ երրորդ նախագահը հիշեցրեց՝ ինչ նշանակություն ուներ հանուն Արցախի պայքարը՝ հենց Հայաստանի համար։
«Ես միշտ համարել և այսօր էլ համարում եմ, որ Լեռնային Ղարաբաղի, Արցախի համար պայքարը եղել է Հայաստանի պետականության համար։ Եվ երբ մենք այդ պայքարն առաջ էինք մղում, այդ գիտակցությամբ էինք առաջ մղում։ Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության համար, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ։ Եվ այդ ողբերգությունը, փաստորեն, մեր պետականությունը զրկեց իր հիմնասյուներից մեկից։ Առաջին հերթին դրա մասին է պետք մտածել, ոչ թե առանձին քաղաքական ուժերին, անձերին թիրախավորելու մասին»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։