Դավիթ Հարությունյանի գործով դիմում է ուղարկվել ՄԻԵԴ

Նկատի ունենալով իրավաբանական համայնքի և լրագրողների հետաքրքրվածության բարձր աստիճանը, տեղեկացնում եմ, որ Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթով և դրան հաջորդած ՀՀ ԲԴԽ որոշմամբ թույլ տրված և ՄԻԵԿ երաշխավորված իրավունքների խախտումների կապակցությամբ կազմված ՄԻԵԴ դիումը այսօր փոստային ծառայությամբ ուղարկվել է Ստրասբուրգ։

Այս մասին հայտնում է փաստաբան Զորայր Հարությունյանը։

«Դիմումով արձանագրվել են Դավիթ Հարությունյանի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից դատաքննության, հրապարակային դատաքննության, պաշտպանության, ընտրված պաշտպանների միջոցով ներկայացված լինելու, զենքերի հավասարության իրավունքների, ինչպես նաև ազատորեն արտահայտվելու իրավունքի խախտումները։

Դիմումով մանրամասն վերլուծության են ենթարկվել Դավիթ Հարությունյանի թվարկված իրավունքների բոլոր խախտումները, դիմումին կից ներկայացվել են խախտումների փաստերը հաստատող շուրջ 400 թերթից բաղկացած նյութեր։ Դիմումով նաև արձանագրվել են ՀՀ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու, նրանց խոսքի ազատությունն ու անկախությունը վտանգող ՀՀ իշխանությունների նախաձեռնությունները, հեղինակված օրենսդրական փոփոխություններն ու կարգապահական վարույթները։

Համոզված ենք, որ ՀՀ ԲԴԽ կողմից իրականացված քննությունը Դ. Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթով և առավել խիստ պատասխանատվության տեսակի կիրառումը հետապնդել է ոչ միայն անցանկալի քննադատության համար հաշվեհարդարի նպատակ, այլ նաև հանդիսացել է դատավորների անկախության սահմանադրական երաշխիքների դեմ ոտնձգություն, որը մասնավորապես պարունակել է դատավորների խոսքի ազատության սահմանափակման, դատական համակարգում վախի ու ահաբեկման մթնոլորտ տարածելու միտում։

Վստահ ենք ՄԻԵԴ կողմից արդարության վերականգնում պարտադրող դատական ակտի կայացման մեջ»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 3-ին, հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապագական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը․ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել»։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել