Որո՞նք են պատիժը մեղմացնող հանգամանքները

Հիշեցնենք, որ պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են՝

1) առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելը.
2) հանցանք կատարելու պահին հանցավորի անչափահաս լինելը.
3) հանցանք կատարելու կամ պատիժ նշանակելու պահին հանցավորի հղիությունը.
4) պատիժ նշանակելու պահին հանցավորի խնամքի տակ մինչև տասնչորս տարեկան երեխայի առկայությունը.
5) հանցանքը կյանքի ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով կամ կարեկցանքի շարժառիթով կատարելը.
6) հանցանքն անհրաժեշտ պաշտպանության, հանցանք կատարած անձին բռնելու, ծայրահեղ անհրաժեշտության, հիմնավորված ռիսկի, հրամանը կամ կարգադրությունը կատարելու իրավաչափության պայմանները խախտելով կատարելը.
7) տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը.
8) հանցանքը սպառնալիքի կամ հարկադրանքի կամ նյութական, ծառայողական կամ այլ կախվածության ազդեցության տակ կատարելը.
9) մեղայականով ներկայանալը, հանցագործությունը բացահայտելուն, հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն, հանցագործությամբ ձեռք բերված գույքը որոնելուն աջակցելը.

10) հանցագործությունից անմիջապես հետո տուժողին բժշկական կամ այլ օգնություն ցույց տալը, հանցագործությամբ պատճառված գույքային և բարոյական վնասը կամովին հատուցելը կամ վերացնելը, տուժողին պատճառված վնասը հարթելուն ուղղված այլ գործողությունները:

Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք վերոգրյալում նշված չեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել