Որ կորցնենք Արցախը, վաղը ցույց ենք անելու Սյունիքի համար, մյուս օրը՝ Տավուշի․ Դավիթ Հակոբյան

Ես գիտեմ մի պարզ ճշմարտություն, որ աշխարհում չկա մի իրավիճակ, որից ելք չլինի։ Չկա։ Չկա մի փոս, որից դուրս գալու հնար չլինի։ Այս մասին Ազատության հրապարակում, ի աջակցություն Արցախի տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց դերասան Դավիթ Հակոբյանը։

«Հին, միջնադարյան առակ կա․ Մի խեղճ էշ ընկնում է փոսը, տերը գալիս է, չի կարողանում հանել, անճար մարդ է, ասում է՝ հողով ծածկեմ, էշը չչարչարվի, տառապի, գնա, փրկվի։ Բահերով հողը լցնում են էշի վրա, էշը իրեն թափ է տալիս, ոտքի տակ հողը բարձրանում, ինչքան լցնում են, ինքն իրեն թափ է տալիս, ոտքի տակի հողը բարձրանում է, հասնում իրենց մակարդակին, ազատվում, գնում։ Բա մի էշի չափ էլ չկա՞նք։ Ինչի՞ ենք նստել, սպասում, որ ինչ որ մեկը գա, մեզ փրկի, ե՞րբ է եկել, փրկել, որ էսօր փրկի։

Ոչ ոք չի փրկելու մեզ։ Ինչու՞ եք այսպես համակերպվել նվաստացման հետ, պարտվածի հետ։ Երբ չենք ունեցել պարտություն, երբ չենք ունեցել հաղթանակ, բայց այսքա՞ն հիասթափված, թե ձեզ թվում է սա աշխարհի վերջն է կամ այսօր մենք ապրում ենք հայ ժողովրդի ամենածայրահեղ վիճակը։ Ոչ, մենք ծայրահեղ վիճակ ապրել ենք մի քանի անգամ, քարտեզի վրա չենք էլ եղել, թե՞ մոռացել են։ Երկու անգամ ունեցանք այդ հնարավորությունը։ Ո՞ւր են մեր քաղաքական, քաղաքագիտական մտքերը, մեր գիտական մտքերը։

Մի բան հաստատ գիտեմ, որ այսօր մենք մեկ գերխնդիր ունենք։ 10 միլիոն հայ կա աշխարհում, ազգովի ունենք մեկ գերխնդիր։ Այսօր մենք կանգնած ենք գոյաբանական խնդրի առաջ։ Եթե կարծում ենք, որ այսօր Արցախի հարցն է, խորապես սխալվում ենք։ Եթե այսօր մենք ուշքի չգանք, Աստված մի արարսցե, որ կորցնենք Արցախը, վաղը ցույց ենք անելու Սյունիքի համար, մյուս օրը ցույց ենք անելու Տավուշի համար և հետո երջանիկ Օպերայի սրճարաններում քեֆ ենք անելու, որովհետև Երևանը Հայաստան է և վերջ։

Սպանե՛ք ձեր միջի ստրուկին, ոտքի կանգնեք։ Հերիք եղավ»,-եզրափակեց Դավիթ Հակոբյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել