Կսահմանվեն ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողին վճարվող ամսական դրամական հատուցման չափերը, անձանց շրջանակը և այլն

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծով սահմանվում են ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողին վճարվող ամսական դրամական հատուցման չափերը, ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ամսական դրամական հատուցման իրավունքի ծագման պայմանները, ամսական դրամական հատուցման վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը և վճարման կարգը, ամսական դրամական հատուցման վճարումը և ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը դադարելու հիմքերը։

Iravaban.net-ը հայտնում է, որ ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում կընդունի․

Սահմանել ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը՝ համաձայն հավելվածի:

Սահմանել ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին վճարվող ամսական դրամական հատուցման չափերը՝

1) Երևան քաղաքում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 85000 դրամ.

2) այլ քաղաքներում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 38000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 50000 դրամ.

3) այլ բնակավայրերում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 20000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 25000 դրամ:

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 11-ի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1321-Ն որոշումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման համաձայն այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում ստացող պայմանագրային զինծառայողներին սույն որոշման համաձայն ամսական դրամական հատուցման հաշվարկումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել