Արցախը 152 օր է շրջափակման մեջ է

Արցախը 152 օր է շրջափակման մեջ է։

Ապրիլի 23-ին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա՝ Հակարի կամրջի մոտ, անօրինական հսկիչ անցագրային կետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանի կողմից արհեստական պատճառաբանություններով խոչընդոտվում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բնականոն գործունեությունը, որով ադրբեջանական կողմը ոչ միայն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, այլև կոպտորեն խախտում է շրջափակման ընթացքում ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող անձանց ՀՀ տեղափոխելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Այս ընթացքում ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխում իրականացվել է երկու անգամ՝ ապրիլի 28-ին (13 բուժառու) և ապրիլի 29-ին (16 բուժառու):  Ապրիլի 29-ից ամբողջությամբ դադարել են ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկության համաձայն՝ ադրբեջանական կողմն առաջ է քաշել հավելյալ պայմաններ՝ պահանջելով ստուգել բուժառուներին տեղափոխող մեքենաները, ինչպես նաև Կարմիր խաչի աշխատակիցների և բուժառուների անձնագրերը՝ խախտելով մինչ այդ ձեռք բերված համաձայնությունները։

Ադրբեջանի կողմից դիտավորյալ խոչընդոտվում է նաև Կարմիր խաչի միջոցով անհրաժեշտ դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ, որի հետևանքով լրջագույն խնդիրներ են առաջանում Արցախի բուժհաստատություններում։

Ակնկալում ենք միջազգային կառույցների գործնական միջամտությունը հումանիտար բնույթի այս կարևորագույն խնդրի կարգավորման ուղղությամբ։

Մայիսի 12-ին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնեց արցախցիների կրթության իրավունքի վրա Արցախի շրջափակման ազդեցության հետևանքների մասին․ «Հատկապես հիմա, երբ դպրոցն ավարտելուց հետո հարյուրավոր երիտասարդներ փորձում են հիմք դնել հետագա բարձրագույն կամ մասնագիտական կրթության, շրջափակման հետևանքով զրկված են Արցախից դուրս կրթություն ստանալու կամ մասնագիտություն ընտրելու, Արցախից դուրս միջբուհական քննություններին մասնակցելու հնարավորությունից: Նույնպիսի խնդիրների առաջ են կանգնած նաև շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մնացած մեր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կրթությունը շարունակել արցախյան բուհերում»։

Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից  ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր և Եղցահող համայնքները հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից: Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին։

Փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․

«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են, դա են փաստում ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Արդեն 152 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։

Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել