145 օր է արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ

Արցախը 145 օր է շրջափակման մեջ է։

«Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամները մայիսի 2-ին Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհի սկզբնամասում անժամկետ խաղաղ ակցիա են սկսել՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու և Լաչինի միջանցքից ադրբեջանական անցակետի անհապաղ հեռացման պահանջով:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Ակցիային, որի նպատակն է միջազգային հանրությանը ցույց տալ, որ Արցախում չեն հանդուրժում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի խախտումները, մասնակցում են հիմնականում երիտասարդներ, ինչպես նաև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ Դեղորայքի և բուժսարքավորումների պակասի պատճառով պլանային վիրահատությունները մի քանի ամիս շարունակ դադարեցված էին մնում, ինչի հետևանքով բազմաթիվ հիվանդների մոտ առողջության վատթարացում և սուր դեպքերի աճ է գրանցվել։ Սրացումների թվի աճից խուսափելու համար վերջերս պլանային վիրահատությունները մասամբ վերսկսվել են։ Անհետաձգելի ցուցումներով երեխաների մի մասն արդեն վիրահատվել է «Արևիկ» մանկական բուժմիավորման բժիշկների կողմից»։

2023 թվականի ապրիլի 23-ից Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում), որի հետևանքով Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի համայնքները մնացել են լիակատար շրջափակման մեջ` կտրվելով ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ ՀՀ-ից:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը և խոչընդոտներ ու վտանգներ է հարուցում Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի նկատմամբ:

Փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․

«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են, դա են փաստում ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Արդեն 145 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։

Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Լուսանկարը՝ «Արցախպրես»-ի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել