Վահե Ղազարյանը՝ «Պոլիգրաֆ» ակումբում կատարված խուզարկության մասին

Խնդրում եմ պատասխանել, թե արդյո՞ք, ես ճիշտ եմ հասկանում մամուլի հրապարակումներից, որ Քննչական կոմիտեի աշխատակիցները և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները նախաքննական մարմնի որոշման հիման վրա այս տարվա ապրիլի 23-ին խուզարկություն են կատարել «Պոլիգրաֆ» ակումբում, ձերբակալել և բաժին են տեղափոխել 41 անձ։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Կարող եք տեղեկացնել մեզ, թե այս գործողության արդյունքում ինչ քանակությամբ թմրանյութեր են գտնվել և ի՞նչ այլ բաներ են բացահայտվել, գուցե վաճառքի սկզբնաղբյուրը կամ արտադրող կամ ներկրող։ Պարոն նախարար, ես այդ օրը կարող էի գտնվել այդ ակումբում, ոչ թե այն պատճառով, որ պատգամավոր եմ և այդ գործողությանը ոչ մի կերպ չէի կարող ներկա լինել, որովհետև, որպես միջին վիճակագրական քաղաքացի, կարող եմ ձեզ երաշխավորել, որ ամենաթունդ բանը, որ ես օգտագործում եմ սուրճն է, հետևաբար, որպես միջին վիճակագրական քաղաքացի, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ մասշտաբի բացահայտման համար է, որ ես պետք է առանց պատճառի ձերբակալվեմ, խուզարկության ենթարկվեմ։ Ճիշտ հասկացեք ինձ, մենք կարող ենք ՔԿ-ի և ոստիկանության աշխատակիցների հետ միասին գնալ Հրազդանի կիրճ և ամեն երկրորդ կամ երրորդ հավաքույթի մասնակիցներից մեկի մոտ կլինի թմրամիջոց։ Ես կշրջեմ և ձեզ կփոխանցեմ օպերատիվ հետախուզական տվյալներ, դուք կխուզարկեք և կձերբակալեք հավաքույթի բոլոր մասնակիցների։ Ի՞նչ եք կարծում, արդյոք սա արդարացված միջոցառում է»,-ասաց պատգամավորը։

ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանն ասաց, որ «Պոլիգրաֆ» գիշերային ակումբից ձերբակալված անձանցից 4-ի մոտ հայտնաբերվել է տարբեր տեսակի թմրամիջոց։

«Մեկ քաղաքացու մոտ հայտնաբերվել է 3․1 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութ, իսկ 3-ի մոտ՝ դեռևս չպարզված թմրանյութի նմանվող զանգվածներ, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Ոստիկանության գործողությունների հետ կապված նշանակվել է ծառայողական փորձաքննություն։ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-ասաց Ղազարյանը։

Նա ասաց, որ գործողությունների արդյունքի մասին շուտով կլսեն և տարվել է բավականին մեծ աշխատանք։ Նա ասաց, որ շատ տեղեկություն չի կարող հաղորդել։

«Ինչ վերաբերում է մեր գործողությունների իրավաչափ լինել-չլինելու, դա կպարզի նախաքննությունը և ծառայողական քննությունը»,-նշեց ՆԳՆ նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել