Մինչև 200 հազար դրամ տուգանք, ավտոմեքենա վարելու իրավունքից զրկում՝ մեքենայի համարանիշի օգտագործման կանոնները խախտելու համար

Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելու համար տուգանք է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123․5 հոդվածով։

Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն․

1. Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5,000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:

1.1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25,000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:

2. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5,000 դրամի չափով։

3. Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը այդ համարանիշերով վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20,000 դրամի չափով։

4. Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` 200,000 դրամի չափով։

5. Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25,000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր:

6. Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված դեպքերում հետնապատին հաշվառման համարանիշի թվերի և տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցներ վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում`5,000 դրամի չափով։

7. Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշերը ուղևորափոխադրումների իրականացման երթուղին սպասարկելու ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ` 29,000 դրամի չափով։

8. Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումներ (բացառությամբ միջպետականի) իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սպասարկվող երթուղում սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը`առաջացնում է տուգանքի նշանակում` 50,000 դրամի չափով։

9. Հայաստանի Հանրապետության տարածքում առանց սահմանված տեղում փակցված ներդիրի թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5,000 դրամի չափով։

10. Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշը այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելը`առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` 200,000 դրամի չափով։

11. Անընթեռնելի հաշվառման համարանիշ է այն համարանիշը, որի թեկուզ մեկ նիշը ցերեկը, պարզ եղանակին գունաթափման կամ այլ պատճառներով, բացառությամբ առնվազն մեկ նիշը փակելու դեպքերի, անշարժ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված վիճակում տեսանելի չէ 40 մետր հեռավորությունից:

12. Տրանսպորտային միջոցի համարանիշը համարվում է սահմանված տեղում չփակցված, եթե համարանիշն ընթեռնելի է ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած վիճակում, սակայն համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում:

13. Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համարանիշի, եթե այդ համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` երկուսն էլ) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:

13.1. Տրանսպորտային միջոցը զույգ հաշվառման համարանիշեր ունենալու դեպքում համարվում է մեկ հաշվառման համարանիշով, եթե համարանիշերից մեկը ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:

14. Առանց ներդիրի, կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ներդիրով Հայաստանի Հանրապետության տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50,000 դրամի չափով։

15. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից ներդիրն այլ անձի հանձնելը`առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100,000 դրամի չափով։

16. Զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20,000 դրամի չափով և տուգանային միավորի կիրառում՝ երկու միավոր:

17. Սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել