Վարչապետի հանձնարարականի հիման վրա պատասխանատվություն կսահմանվի ինքնակամ կառույցների չկանխարգելման, քանդման որոշումը չկայացնելու հետ կապված

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ ի կատարումն ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 8-ի N 02/12.4/22087-2022 հանձնարարականի՝ ինքնակամ կառույցների կանխարգելման նպատակով սահմանվում է պատասխանտվություն համայնքների վարչական սահմաններում գտնվող հատուկ նշանակության և հատուկ պահպանվող տարածքների հողերում, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, ինչպես նաև տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքների հողամասում ինքնակամ կառույցների հայտնաբերելու դեպքում հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից ինքնակամ կառույցի իրականացման չկանխարգելման, քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացման կամ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովման դեպքերի համար:

Նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 157.17-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, հատուկ նշանակության և հատուկ պահպանվող տարածքների հողերի, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, ինչպես նաև տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող՝ նորմերի պահանջներով սահմանված գոտիներում ինքնակամ կառույց հայտնաբերելու դեպքում այն կանխարգելելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձի կողմից ինքնակամ կառույցի իրականացումը չկանխարգելելը, ինչպես նաև համայնքի ղեկավարի կողմից քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով» (2,5-3 մլն դրամ):

157.18-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, հատուկ նշանակության և հատուկ պահպանվող տարածքների հողերի, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, ինչպես նաև տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող՝ նորմերի պահանջներով սահմանված գոտիներում ինքնակամ կառույց հայտնաբերելու դեպքում հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան լիազորություններով օժտված իրավասու անձի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում համապատասխան համայնքի ղեկավարին և տեսչական մարմնին չհայտնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով» (300-400 հազար դրամ):

Նախատեսվում է, որ օրենքն ընդունվելուց հետո ուժի մեջ է կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հատուկ նշանակության և հատուկ պահպանվող տարածքների հողերի, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, ինչպես նաև տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքների հողամասում մինչ օրս կառուցված (տեղադրված) շինությունների ապամոտաժման և տեղափոխման միջոցառումների ծրագիրը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել