Պատժից ազատվող դատապարտյալներին կտրամադրվի 100․000 դրամ

Կառավարության ապրիլի 13-ի նիստի օրակարգում է պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը, ծավալն ու տրամադրելու կարգը, ինչպես նաև դատապարտյալին տրամադրվող միանվագ դրամական օգնության չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԾԱՎԱԼՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

  1. Քրեակատարողական հիմնարկում պատժից ազատվող յուրաքանչյուր դատապարտյալի տրամադրվող սոցիալական աջակցության ծավալը որոշվում է սույն հավելվածով՝ հաշվի առնելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված կարգավորումները։
  2. Սոցիալական աջակցություն տրամադրելու համար քրեակատարողական հիմնարկի պետը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ միասնական սոցիալական ծառայություն), պետական կառավարման այլ մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին կամ կազմակեր­պություններին:
  3. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է դատապարտյալի գրավոր դիմումի հիման վրա, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
  4. Ազատազրկման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ, իսկ կարճա­ժամկետ ազատազրկման դեպքում՝ ոչ ուշ, քան 10 օր առաջ, քրեակատարողական հիմնարկի պետը, քրեակատարողական հիմնարկի սոցիալական աշխատողի կողմից տրված գնահատման արդյունքում, իրականացնելով Հայաստանի Հանրա­պետության քրեակատարողական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով նախա­տեսված լիազորությունները, դատապարտյալին տրամադրում է խորհրդատվա­կան օգնու­թյուն՝ անձի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու, համապատասխան պետական կառա­վարման և տեղա­կան ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ կամ ֆիզիկական անձանց ուղղորդելու վերաբերյալ:
  5. Պատժից ազատվող դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկի սոցիալական աշխատողի գնահատմամբ՝ քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշման հիման վրա կարող է տրամադրվել միանվագ դրա­մական օգնություն՝ սույն որոշման N 2 հավելվածի համաձայն:
  6. Սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված միանվագ դրամական օգնու­թյունը չի կարող հիմք հանդիսանալ այլ սոցիալական ծառայություններ չտրա­մադրելու համար, եթե առկա են համապատասխան սոցիալական ծառայությունները տրա­մադրելու հիմքերը։
  7. Կենսաթոշակային տարիքի հասած, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող դատապարտյալի խնդրանքով քրեակատարողական հիմնարկի պետը, պատժից ազատումից առնվազն մեկ ամիս առաջ, ապահովում է դատապարտյալի դիմումի ներկայացումը միասնական սոցիալական ծառայություն՝ տարեցների կամ հաշման­դամություն ունեցող անձանց խնամքն ապահովող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամք ապահովելու նպա­տակով, եթե առկա են օրենսդրությամբ սահմանված հիմքերը։ Քրեակատարողական հիմնարկը դատապարտյալի ազատման օրը պատժից ազատված անձին տեղա­փոխում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, որտեղ կազմակերպ­վելու է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձի հետագա խնամքը։
  8. Եթե պատժից ազատվող դատապարտյալը չունի բնակության վայր, ապա նրան տրամադրվում է բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցում (այսուհետ՝ հատուցում)՝ մինչև վեց ամիս ժամկետով։
  9. Դատապարտյալը համարվում է բնակության վայր չունեցող, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում չունի սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տարածություն)։
  10. Բնակության վայր չունեցող դատապարտյալի պատժից ազատումից առնվազն երկու ամիս առաջ քրեակատարողական հիմնարկի պետն ապահովում է դատապարտյալի վարձակալությամբ բնակարան գտնելը և առցանց դիմումի ներ­կայացումը միասնական սոցիալական ծառայություն՝ հատուցում ստանալու համար։
  11. Դիմումում նշվում են՝

1)   դատապարտյալի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան և համարը, հանրային ծառա­յությունների համարանիշը կամ հանրային ծառայություններ չունենալու մասին տեղեկանքի համարը.

2)  համապատասխան քրեակատարողական հիմնարկի անունը և պատժից ազատման օրը.

3)  Հայաստանի Հանրապետությունում գործող և միասնական սոցիա­լական ծառայության հետ համագոր­ծակցող բանկի անվանումը, որով դատա­պարտյալը ցանկանում է ստանալ հատուցումը.

4) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսա­համարը։

  1. Դատապարտյալին սեփականության կամ համասեփականության իրա­վունքով պատկանող բնակարանի (բնակելի տարածության) առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Կադաստրի կոմիտեն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
  2. Դատապարտյալի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը տրա­մադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքա­ցիական կացության ակտերի գրանցման գործակալությունը։
  3. Պատժից ազատվող դատապարտյալ հանդիսանալու հանգամանքը տրա­­մադրում է համապատասխան քրեակատարողական հիմնարկը։
  4. Դատապարտյալի շուրջօրյա լրիվ խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղավորվելու վերաբերյալ տեղեկատվու­թյունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիա­լական հարցերի նախարարությունը։
  5. Դատապարտյալի՝ սույն կարգով սահմանված շահառու հանդիսանալու պայմանները ստուգվում են ինքնաշխատ եղանակով՝ միասնական սոցիա­լական ծառայությանը հասանելի բազաների և տրամադրված տեղեկատվության հա­մադրման միջոցով։ Համա­պատասխան պետական կառավարման մարմինները և քրեակատարողական հիմնարկները պահանջվող տեղեկատվությունը տրամադրում են յոթ աշխա­տան­քային օրվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրու­թյամբ այլ ժամկետ նախատեսված չէ։
  6. Եթե սույն հավելվածի 16-րդ կետում նշված տեղեկատվության համաձայն՝ դատապարտյալը բավարարում է շահառու դառնալու պայմաններին, ապա դատա­պարտյալին (այսուհետ՝ նաև շահառու) վճարվում է հատուցում՝ պատժից ազատման ամսվա 1-ից։
  7. Դիմումը մերժվում է, եթե՝

1) դիմումը հաստատելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է դատա­պարտյալի մահվան պետական գրանցում.

2) անձը չի հանդիսանում պատժից ազատված դատապարտյալ․

3) անձն ունի սեփականության կամ համասեփականության իրավունքով բնա­կարան։

  1. Դիմումը մերժելու կամ բավարարելու մասին ծանուցումը շահառուին ուղարկվում է էլեկտրոնային դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով։ Դիմումը մերժելու մասին ծանուցումը պետք է պարունակի շահառուի անունը, ազգանունը, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու պատճառը և բողոքարկման կարգը։
  2. Դիմումը բավարարվելու դեպքում, պատժից ազատման օրվանից հաշված 15 աշխատանքային օրվա ընթացքում, շահառուի բնակության վայրը սպասարկող միաս­նական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի սոցիալական աշխա­տողն իրականացնում է տնայց և կազմում շահառուի անհատական սոցիալական ծրագիր, որը պետք է ընդգրկի նաև շահառուի ակտիվացմանն ուղղված միջո­ցառումներ, եթե շահառուն աշխատունակ անձ է։ Անձը համարվում է աշխատունակ, եթե 18-59 տարեկան է, բացառությամբ, եթե շահառուն՝
  • առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան ուսանող է, կամ
  • առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող անձ է, կամ
  • 30 և ավել շաբաթական հղի է, կամ
  • մինչև 2 տարեկան երեխա խնամող/ունեցող անձ է։
  1. Հատուցումը վճարվում է յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապե­տու­թյան կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահ­ման­ված կարգով՝ սոցիալական աջակցության տեղեկատվական բազաները շահա­գոր­ծող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) վճարման ցուցակների հիման վրա։ Ամենամսյա հայտը և վճարման էլեկտրոնային ցուցակները կազմա­կերպությունը տրամադրում է միասնական սոցիալական ծառայությանը, իսկ վերջինս էլ վճարման ցուցակները CBnet համակարգով տրամադրում է վճարումն իրականացնող կազմակերպություններին՝ համաձայն Հայաստանի Հանրապե­տության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի։
  2. Տվյալ ամսվա վճարման ցուցակը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների՝ մահվան ակտերի գրանցման, Կադաստրի կոմիտեից սեփականության կամ համա­սեփա­կանության իրավունքի ձեռքբերման, շուրջօրյա լրիվ խնամքի հաստա­տու­թյուն­ների տեղավորվելու վերաբերյալ տվյալների համադրման արդյունքում։
  3. Հատուցման վճարումը դադարեցվում է, եթե՝

1) առկա է շահառուի մահվան վերաբերյալ տվյալ.

2) շահառուն ընդունվել է բնակչության սոցիալական պաշտպանության հաս­տատություն.

3) լրացել է սույն հավելվածով սահմանված ժամկետը.

4) շահառուն ներկայացրել է դիմում հատուցումը ստանալուց հրաժարվելու մասին.

5) շահառուն ձեռք է բերել սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տարածություն).

6) անհատական սոցիալական ծրագրով նախատեսված պայմանները չկա­տարելու դեպքում։

  1. Հատուցման վճարումը դադարեցնելու դեպքում ծրագրային գործիքի կողմից շահառուի դիմումում նշված էլեկտրոնային հասցեին ուղարկվում է հաղոր­դագրություն՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Նշված որոշումը կարող է բողոքարկվել նույն համակարգում դիմում ներկայացնելու միջոցով։
  2. Բողոքարկման դիմումի արդյունքում ստացված տեղեկատվության կամ փաստաթղթերի հիման վրա սույն կարգի 23-րդ կետի 1-2-րդ, 5-6-րդ ենթա­կե­տերում նշված հանգամանքները մերժվելու դեպքում, դրամական աջակցության վճարումը վերսկսվում է, և դրամական աջակցության վճարումն իրականացվում է դադարեցման ամսվանից սկսած, եթե համապատասխան դիմումը ներկա­յաց­վում է վճարելը դադարեցնելու որոշման կայացումից հետո մեկ ամսվա ընթացքում։
  3. Հատուցումը տրամադրվում է վեց ամիս ժամկետով։
  4. Հատուցման չափը սահմանվում է ամսական 60.000 (վաթսուն հազար) դրամ։
  5. Հատուցման գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց։
  6. Դատապարտյալին կարող են տրամադրվել նաև սոցիալական աջակցու­թյան ոլորտի այլ սոցիալական ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին բավարարելու և սահմանված կարգով դիմելու դեպքում։
  7. Սոցիալականաջակցություն տրամադրելու կամ այն մերժելու մասին որոշումը կայացվում է դիմումը ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով:
  8. Սոցիալական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու մասին դիմողին տեղեկացվում է ոչ ուշ, քան այդ որոշման ընդունումից հետո՝ եռօրյա ժամկետում, եթե տեղեկացման այլ կարգ և ժամկետներ նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության օրենքներով:
  9. Սոցիալական աջակցություն տրամադրելը դադարեցվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված հիմքերով:
  10. Սույն որոշմամբ չկարգավորված սոցիալական աջակցության հետ կապ­ված իրավահարաբերությունները կարգավորվում են «Սոցիալական աջակցու­թյան մասին» օրենքով և այլ իրավական ակտերով։

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ  ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Պատժից ազատվելուց առնվազն 10 օր առաջ դատապարտյալին քրեակա­տարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշման հիման վրա կարող է տրամադրվել միանվագ դրամական օգնություն, որի վճարումն իրականացվում է պատժից ազատելու օրվան նախորդող աշխատանքային օրը:
  2. Քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշման համար փաստական հիմք է հանդիսանում քրեակատարողական ծառայության սոցիալական աշխատողի կողմից կատարված՝ դատապարտյալի անհատական կարիքների գնահատումը:
  3. Սոցիալական աշխատողը դատապարտյալի անհատական կարիքների գնա­հատումն իրականացնելիս հաշվի է առնում դատապարտյալի գույքային դրությունը, ներառյալ՝ գույքային պարտավորությունները, դատապարտյալի մոտ եկամուտների առկայությունը կամ բացակայությունը, նրա անձնական հաշվին առկա գումարի չափը, դատապարտյալին ազատվելիս նրան դիմավորելու կամ չդիմավորելու հանգամանքը, բնակության վայրով ապահովված կամ չապահովված լինելը, ազատության պայմաններում նրա մոտ զբաղվածության առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև սոցիալական դեպքի վարման շրջանակ­ներում էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
  4. Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է անկանխիկ փոխանց­ման միջոցով՝ դատապարտյալի կողմից տրամադրված բանկային հաշվին:
  5. Դատապարտյալին տրամադրվող միանվագ դրամական օգնությունը կազմում է 100.000 (հարյուր հազար) դրամ:
  6. Սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված միանվագ դրամական օգնու­թյան չափը կարող է ավելացվել ևս 50.000 (հիսուն հազար) դրամի չափով՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքներից որևէ մեկը կամ դրանց համակ­ցությունը՝
  • դատապարտյալի անաշխատունակ լինելը.
  • դատապարտյալի ընտանիքում երեխաների, տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց քանակը և տարիքը.
  • դատապարտյալի ընտանիքի բնակարանային պայմանները:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում քրեակատարողական հիմնարկներից տարեկան միջինն ազատվում է 300-400 դատապարտյալ, օրինակ՝ 2022թ.-ին քրեակատարողական հիմնարկից ազատվել է 374 անձ, ներառյալ՝ պայմանական վաղաժամկետ և ազատման այլ ձևերը, հետևաբար սոցիալական աջակցության համատեքստում պատժից ազատվող անձանց տրամադրվող միջինացված տարեկան գումարը կկազմի 3-4մլն. ՀՀ դրամ՝ 100.000 ՀՀ դրամ աջակցության դեպքում:

Ըստ հիմնավորման՝ նախագիծը ևս մեկ քայլ է՝ դատապարտյալների վերասոցիալականացումն ու հասարակությունում վերաինտեգրումն ապահովելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել