Համարձակություն կունենա՞ք քննադատելու ձեր ընկերուհուն՝ Աննա Վարդապետյանին․ Աննա Գրիգորյանը՝ Անահիտ Մանասյանին

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց ուղղեց Մանասյանին՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջինս զբաղեցնում է Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։

«Դուք համարձակություն, կամք կունենա՞ք քննադատելու դատախազության գործողությունները և հաշվի առնելով նաև, որ տիկին Վարդապետյանը  ձեր ընկերուհին է, կարծես թե դա չեք էլ հերքել, դուք համարձակություն կունենա՞ք քննադատելու ձեր ընկերուհուն և նրա կողմից իրականացված որոշումները»,-ասաց Աննա Գրիգորյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Անահիտ Մանասյանը նշեց, որ Գլխավոր դատախազության առաջնահերթ խնդիրը ևս պետք է լինի մարդու ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը

Նա նաև նշեց, որ ընդամենը 4 ամիս է եղել Գլխավոր դատախազի տեղակալ, մինչդեռ 14 տարվա մասնագիտական բոլորովին այլ գործունեություն ունի իրականացրած:

«Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազի հետ ունեցած իմ հարաբերություններին, նշեմ, որ ես շատ այլ անձանց հետ ևս ունեմ շատ մարդկային, ազնիվ հարաբերություններ: Ես արդարանալու կարիք չունեմ այդ հարաբերությունների համար, հակառակը՝ հպարտանում եմ դրանցով: Ի դեպ, նման հարաբերություններ ունեմ ոչ միայն Գլխավոր դատախազի հետ, այլ շատ՝ տարբեր կառույցներում աշխատող անձանց հետ, այլ ուժեր ներկայացնող անձանց հետ, բայց երբևէ դրանք չեն ազդել իմ մասնագիտական գործունեության վրա: Եվ, այո, եթե ստանձնում եմ պատասխանատվությունը, պատրաստ եմ գնահատականներ հնչեցնել նաև այդ կառույցներրի գործունեության առնչությամբ»,-ասաց ՄԻՊ թեկնածուն:

Ընդգծենք, որ քննարկման ընթացքում Ազգային ժողով էր եկել նաև Աննա Վարդապետյանը։

Այսօր նա պետք է ԱԺ-ին ներկայացնի պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը, սակայն նա ԱԺ էր եկել նշված հարցի քննարկումից շատ ավելի վաղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել