Ուսանողի աշխատանքը պետք է գնահատված լինի․ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհրդի անդամ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Խորհրդի անդամ, ՈՒԳՍԸ նախագահ Վովա Արզումանյանը հայտարարություն է տարածել, որով անդրադարձել է «Որբանոց» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման արգելման մասին։

«ՀՀ ժողովրդական արտիստ, ԵԹԿՊԻ-ի պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցի հարգելի՛ ուսանողներ, իմ սիրելի՛ ընկերներ,

Այսօր տեղեկացա նախապատրաստվող դասադուլի մասին։ Պատճառը վերջին շրջանում քննարկվող «Որբանոց» ներկայացումն է, որն ինքս չեմ դիտել վատառողջ լինելու պատճառով։ Ականատես լինելով ձեր նախապատրաստական անտրտունջ աշխատանքներին, փորձերին, ձեզնից բխող պարտականությունների կատարմանը` չեմ կարող չնշել ձեր նվիրված աշխատանքի մասին, որի համար ևս մեկ անգամ շնորհակալ եմ։

Ուսանողի աշխատանքը պետք է գնահատված լինի։

Սիրելի՛ ընկերներ, այսօր չեմ ցանկանում քննարկել ներկայացման հիմք հանդիսացող գրական երկը։ Առավել ևս չեմ ցանկանում քննարկել արդեն իսկ քննարկված կարծիքները, հնչած հայտարարությունները։ Ողջունելի է, որ ձեր ներկայացումը երկու անգամ էլ լեփ-լեցուն դահլիճի առաջ եք խաղացել։ Դուք դեռ բազում ներկայացումներ կխաղաք և կարժանանաք հանդիսատեսի համակրանքին ու ծափահարություններին։

Ցանկությունս է` երբեք չկորցնեք ձեր սկզբունքային տեսակը։

«Որբանոց» ներկայացման հետ կապված ձեր առաջարկը` փոխել այդ արտահայտությունը և նորից խաղալ ներկայացումը, մերժվել է, որն ինձ համար անհիմն ու զարմանալի է։ Սա ստեղծագործական բանավեճ է, որը պետք է գտնի իր հրատապ լուծումը և չխաթարի ուսումնական առողջ ու ներդաշնակ մթնոլորտը։

Ցանկությունս մեծ է, որ դուք երբեք չկոտրվեք ու շարունակեք ձեր ընտրած ստեղծագործական ճանապարհը, որը խոչընդոտներով, անթիվ դժվարություններով, ինչպես նաև հաճելի պահերով է լեցուն։

Խնդրում եմ ընտրեք խաղաղ և կառուցողական երկխոսության ճանապարհը և մի խաթարեք ուսումնական գործընթացը։

Խաղաղություն բոլորիս…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել