Լուսանկարը՝ ArmGeo.am-ի
Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագծի խափանման պայմաններում հունվարի 9-ից Արցախում օգտագործվում է միայն տեղում արտադրված էլեկտրաէներգիան: «Սարսանգ» հէկ-ն ապահովում է էլեկտրաէներգիայի մեծ մասն ու պայմաններ ստեղծում ցանցի համար, որ փոքր հէկ-երը նույնպես կարողանան աշխատել և արտադրանք տալ:
«Եթե 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին արտադրել ենք 10,3 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, ապա այս վիճակում մենք հիմա կարտադրենք ամսվա վերջի տվյալներով 27,5 միլիոն կիլովատ ժամ էլէգրաէներգիա: Այսինքն՝ 2,5 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա ենք արտադրել: Դա ծախսեցինք, արտադրեցինք, և փաստորեն Արցախի Հանրապետությունն այդքան շատ էլեկտրաէներգիա է ծախսել, իսկ այն ժամանակ, երբ համակարգում էինք, մի մասը փոխհատուցվում էր Հայաստանից եկող համակարգի միջոցով»,-Արցախի Հանրային հեռոստաընկերությանն ասել է «Սարսանգ» հէկ-ի պետ Գրիգոր Գրիգորյանը։
Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակն աննախադեպ իջել է՝ ավելի քան 20 մետր: Ստեղծված իրավիճակում հիդրոկայանն օգտագործում է արտադրական ամբողջ հզորությունը, որ երկիրն էներգետիկ ճգնաժամի չմատնվի: Արցախհեկի գլխավոր ինժեներն ասում է՝ այս տարի ջրամբարում աննախադեպ շատ ջուր էին կուտակել:
«Կուտակել ենք բավականին լավ ջուր՝ հաշվելով, որ ձմեռը կարողանանք օգտագործել, բայց ոչ մեկը չի պատկերացրել, որ բռնելու են այսպես մեզ անջատեն ցանցից, և այսօր արդեն 47 օր է՝ մենք աշխատում ենք առանց ցանցի, սա շատ դժվար ռեժիմ է, շատ ծանրաբեռնված գրաֆիկ է՝ հատկապես հերթափոխի անձնակազմից ակնկալվում է շատ լարված աշխատանք»,-ասել է «ԱրցախՀԷԿ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Արմեն Գասպարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։