Ձեզ համար անծանո՞թ են ճանապարհային երթևեկության կանոններում օգտագործվող հասկացությունները. ծանոթացե՛ք դրանց

1) Գլխավոր ճանապարհ` 2.1` «Գլխավոր ճանապարհ», 2.3.1` «Հատում երկրորդական ճանապարհի հետ», 2.3.2 – 2.3.7` «Երկրորդական ճանապարհի հարում», կամ 5.1` «Ավտոմայրուղի» նշաններով նշված ճանապարհ հատողի (հարողի) նկատմամբ կամ կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր և այլն) ճանապարհ հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ, կամ էլ ցանկացած ճանապարհ մերձակա տարածքներից դուրս եկող ճանապարհի նկատմամբ: Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն այդ ճանապարհը հատվող ծածկույթով ճանապարհին հավասարազոր չի դարձնում.

2) Երթևեկության առավելություն` այլ տրանսպորտային միջոցների վարորդների (այսուհետ՝ վարորդներ) նկատմամբ` նախընտրած ուղղությամբ առաջնահերթ երթևեկելու իրավունք.

3) Չստեղծել խոչընդոտ երթևեկության այլ մասնակիցների համար` երթևեկության մասնակիցներին ուղղված պահանջ, որի համաձայն նրանք չպետք է որևէ ձևով խոչընդոտեն. ուղևորներն ու հետիոտները` տրանսպորտային միջոցների, իսկ վարորդները` հետիոտների և այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը.

4) Կազմակերպված տրանսպորտային շարասյուն` մշտապես միացված լապտերներով, միևնույն երթևեկության գոտիով անմիջապես իրար հետևից ընթացող առնվազն 3 մեխանիկական տրանսպորտային միջոցների խումբ, որն առջևից ուղեկցվում է կապույտ և կարմիր առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցով.

5) Երթևեկության սկիզբ` կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու պահը` կապված հարևան երթևեկության գոտի վերադասավորման հետ կամ առանց դրա.

6) Մանևրում` տրանսպորտային միջոցի երթևեկության սկիզբ (կապված հարևան երթևեկության գոտի դուրս գալու հետ), վերադասավորում, երթևեկության ուղղության փոփոխություն, կանգառ (վերադասավորվելով) և հետընթաց կատարելը.

7) Վերադասավորում` տրանսպորտային միջոցի զբաղեցրած երթևեկության գոտուց կամ գծանշված երթևեկության գոտու սահմաններում զբաղեցրած շարքից, երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով, դուրս գալը.

8) Երթևեկության ուղղության փոփոխություն` նախկինում ընտրած երթևեկության ուղղության փոփոխություն (բացառությամբ հետընթացի)` կատարվող շրջադարձի կամ հետադարձի միջոցով.

9) Շրջադարձ` տրանսպորտային միջոցի` այլ ճանապարհ կամ ճանապարհից մերձակա տարածք դուրս գալու նպատակով իրականացվող մանևր.

10) Հետադարձ` տրանսպորտային միջոցի շարժման ուղղությունը հանդիպակաց ուղղությամբ փոխելու նպատակով իրականացվող մանևր.

11) Վազանց՝ շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը՝ կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ.

12) Արգելք` երթևեկելի մասի որևէ գոտու վրա գտնվող անշարժ օբյեկտ (վնասված կամ անսարք տրանսպորտային միջոց, կողմնակի առարկա, ճանապարհի ծածկույթի վնասվածք և այլն), որը վարորդներին զրկում է նույն գոտիով երթևեկությունը շարունակելու հնարավորությունից.

13) Երթևեկության համար վտանգ` երթևեկության ժամանակ ստեղծված իրադրություն, երբ նույն ուղղությամբ և (կամ) նույն արագությամբ երթևեկությունը շարունակելու դեպքում կստեղծվի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման իրական վտանգ.

14) Կողանցում` շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` առանց զբաղեցրած գոտուց դուրս գալու.

15) Վտանգավոր բեռ` վտանգավոր նյութ, հումք, վտանգավոր թափոններ, որոնք փոխադրման ընթացքում իրենց յուրահատկությունների հետևանքով կարող են վնաս պատճառել մարդկանց կյանքին և առողջությանը, առաջացնել շրջակա միջավայրի աղտոտում և վնասել տրանսպորտային միջոցները կամ շենքերն ու շինությունները.

16) Երեխաների կազմակերպված խմբերի փոխադրում` մեխանիկական տրանսպորտային միջոցով (բացառությամբ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների) նախադպրոցական և դպրոցական տարիքի երկու և ավելի երեխաների կազմակերպված փոխադրում.

17) Սահմանափակ տեսանելիություն` երթևեկության մասնակցի տեղից շարժման ուղղությամբ ճանապարհի տեսանելիություն` սահմանափակված տրանսպորտային միջոցներով, ճանապարհի երկրաչափական չափանիշներով, տեղանքի ռելիեֆով, ճանապարհին հարակից բուսականությամբ, շինություններով և այլ օբյեկտներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել