Ե՞րբ կարող է մեղադրյալի նկատմամբ գրավը՝ որպես խափանման միջոց կիրառվել

ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքի 134-րդ հոդվածը որպես խափանման միջոց նախատեսել է նաև գրավի կիրառումը: Այս խափանման միջոցի էությունը կայանում է նրանում, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով մեկ կամ մի քանի անձինք դրամի, արժեթղթերի կամ այլ արժեքների ձևով ներդրում են կատարում դատարանի դեպոզիտ հաշիվ:

Գրավը` որպես խափանման միջոց, կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: Գրավը նշանակվում է միայն կալանքի փոխարեն: Այդ պատճառով այն, ինչպես և կալանավորումը, կարող է կիրառվել բացառապես դատարանի որոշմամբ:

Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և դրա ընտրության հնարավորության հարցը բարձրացվում է միայն այն ժամանակ, երբ դատարանը որոշում է կայացնում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանաման միջոց ընտրելու մասին: Գրավը կարող է կիրառվել նաև այն դեպքում, երբ դատարանում քննվում է մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցը:

Ինչպես երևում է օրենքի բովանդակությունից, գրավի դեպքում դրամը, արժեքները որոշակի ժամանակով առգրավվում է գրավատուի սեփականությունից, որի արդյունքում նա կրում է նյութական վնաս:

Գրավը կարող է կիրառվել միայն ոչ մեծ և միջին ծանրության հանացագործության կատարման համար մեղադրվող անձի նկատմամբ, և միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները:

Որպես գրավատու կարող գալ ինչպես մեղադրյալը, այնպես էլ նրա մերձավորներ ազգականները կամ այլ անձինք: Գրավատու կարող է լինել ցանկացած կազմակերպություն (իրավաբանական անձ), բացի պետական կազմակերպությունից, որն իրավունք ունի իր հայեցողությամբ տնօրինել իր միջոցները: Դատարանի թույտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել նաև անշարժ գույքը: Բոլոր դեպքերում գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավատուն:

Գրավի կիրառման հարցը լուծելիս դատարանը նշանակում է նաև գրավի չափը: Գրավի չափը չի կարող պակաս լինել՝

1. նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափից՝ ոչ մեծ ծանրության հանցանքի կատարման մեջ մեղադրելիս.

2. նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից՝ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրելիս:

Օրենսդիրը չի սահմանում գրավի առավելագույն չափը՝ թողնելով այն դատարանի հայեցողությանը: Կոնկրետ մեղադրյալի նշանակվող գրավի չափը որոշելիս հաշվի են առնվում մի շարք հանգամանքներ, մասնավորապես, գրավատուի նյութական վիճակը, գործով ներկայացված քաղաքացիական հայցի չափը, հանցագործության բնույթը, մեղադրյալի անձը և այլն:

Գրավը դատարանի դեպոզիտ մուծելուց հետո պետք է կազմվի համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է գրավատուին: Գրավատուն պետք է տեղեկացվի կատարված հանցագործության բնույթի և մեղադրյալի անձի վերաբերյալ, ինչի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ: Սա մեծ նշանակություն ունի այն դեպքում, երբ գրավատու է հանդես գալիս ոչ թե ինքը՝ մեղադրյալը, այլ որևէ այլ անձ: Գրավը կմուծվի այն ժամանակ, երբ ելնելով գործի դրությունից և մեղադրվող անձից, գրավատուն վստահ կլինի, որ մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով, ճիշտ ժամանակին կներկայանա: Բացառված չէ նաև գրավատուի չարաշահումը, որը պարտավոր է իր հերթին նախատեսել քրեական վարույթն իրականացնող մարմնը:

Առանձին դեպքերում դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի: Մասնավորապես, դա կարող է տեղի ունենալ, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:

Գրավը վերադարձվում է գրավատուին, եթե կալանքից գրավով ազատված մեղադրյալը բարեխղճորեն կատարել է օրենքով իր վրա դրված բոլոր պարտականությունները, ինչպես նաև, երբ գրավը՝ որպես խափանման միջոց, փոխվում կամ վերացվում է:

Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը՝ համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել