Մարտի 1-ից մայիսի 12-ը վարժական հավաքներ կանցկացվեն

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ՝ ներգրավելով 3281 քաղաքացու։

Հավաքներին ներգավելիք 3281 պահեստազորայիններից 2897-ը կլինեն շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից, 152-ը՝ ավագ ենթասպայական կազմից, 232-ը՝ սպայական կազմից։ Վարժական հավաքներին կմասնակցեն համազորային և հրթիռահրետանային մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով.

Վարժական հավաքներն անցկացվում են հետևյալ փուլերով.

2023 թվականի մարտի 1-25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 367 քաղաքացու

2023 թվականի մարտի 7-31-ը ներառյալ

2023 թվականի մարտի 22-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ

2023 թվականի ապրիլի 4-28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 718 քաղաքացու

2023 թվականի ապրիլի 11-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ:

Հիշեցնենք, որ 2022թ․ ընթացքում պաշտպանության նախարարությունը հայտարարել է 4 վարժական հավաք։ Առաջինը կազմակերպվել է ապրիլի 15-ից հունիսի 15-ը՝ 724 քաղաքացու մասնակցությամբ, երկրորդը՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ը՝ 1400 պահեստազորայինի ներգրավմամբ, երրորդը՝ օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը՝ 1444 պահեստազորայինի մասնակցությամբ, իսկ չորրորդը՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը՝ 318 պահեստազորայինի ներգրավմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել