Ո՞ր մարմիններն են Հայաստանում տալիս լիցենզիաներ

Լիցենզիաներ տալիս են միայն ներքոթվարկված լիազորված պետական մարմինները:

Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների և գերատեսչությունների կողմից (այսուհետ՝ լիցենզավորող մարմիններ) լիցենզիաները տրվում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար:

Լիցենզավորող մարմինների կողմից լիցենզիաները ձևակերպվում են համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումներով, ինչպես նաև նախարարի կամ գերատեսչության ղեկավարի հրամանով (այսուհետ՝ որոշում):

Էներգետիկայի և էլեկտրոնային հաղորդակցության բնագավառներում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:
Լիցենզավորման, այդ թվում` լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման, դադարեցման և այլ ընթացակարգերը և պահանջները չեն տարածվում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրվող լիցենզիաների վրա:

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման բնագավառում լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով այն չի հակասում բնագավառը կարգավորող «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքներին և դրանց հիման վրա Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ընդունած համապատասխան կարգերին:

Աուդիտորական ծառայությունների իրականացման բնագավառում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով այն չի հակասում տվյալ բնագավառը կարգավորող օրենքներին:

Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմիններն ստեղծում են հանձնաժողովներ (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողովներ), բացառությամբ այն դեպքերի, երբ սույն կետով նախատեսված գործողությունները կատարվում են կոլեգիալ լիցենզավորող մարմինների որոշումներով:
Լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները հաստատում են լիցենզավորող մարմինները:

Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հարցերը քննելու և համապատասխան որոշումներ կայացնելու իրավունք ունեն միայն լիցենզիա տված մարմինները կամ նրանց իրավահաջորդները:

Լիցենզավորող մարմինները պարտավոր են պահպանել հայտատուների կամ լիցենզավորված անձանց առևտրային և օրենքով այլ գաղտնիք համարվող տեղեկությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել