Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Նախագծի ընդունմամբ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքից կհանվի զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մշակման համար հիմք հանդիսացող լիազորող նորմը։
«Համաձայն «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է ՀՀ կառավարությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով, և իրականացնում զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին համապատասխան` համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ:
Յուրաքանչյուր տարի` հաշվի առնելով զբաղվածության իրավիճակային վերլուծության ամփոփ արդյունքները, ինչպես նաև հիմք ընդունելով հեռանկարային զարգացման ծրագրով սահմանված նպատակներն ու թիրախները` մշակվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիրը, որն իր մեջ ներառում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող զբաղվածության պետական ծրագրերը և ծառայությունները, ինչպես նաև զբաղվածության պետական ծրագրերի բաշխումն՝ ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի:
ՀՀ կառավարության 2022 թ. սեպտեմբերի 29-ի N 1515-Լ որոշմամբ հաստատվել են միայն զբաղվածության կարգավորման 2023 թ. պետական ծրագրի միջոցառումները, ինչով պայմանավորված էլ նշված ծրագրի հետագա մշակումը և հաստատումը տվյալ ձևաչափով համարվել է ոչ նպատակահարմար։
Ելնելով վերը նշվածից և հիմք ընդունելով 2022 թ. սեպտեմբերի 27-ի Սոցիալական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/282-2022 արձանագրության 5-րդ կետի 2-րդ ենթակետը՝ մշակվել է նախագիծը, որով փոփոխություններ են կատարվել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում»,-նշվում է հիմնավորման մեջ։