Ի՞նչ է նշանակում լուսացույցի ազդանշանը

Լուսացույցերը ճանապարհային երթևեկը կարգավորող տարածված միջոցներ են: Լուսացույցներում կիրառվում են կանաչ, դեղին, կարմիր և լուսնասպիտակ գույների լուսային ազդանշաններ:

Կախված գործածման նպատակից` լուսացույցները լինում են տրանսպորտային, հետիոտնային և հեծանվորդների երթևեկությունը կարգավորող, իսկ դրանց ազդանշանները` կլոր (առանց պատկերի), ինչպես նաև պատկերներով` սլաքի (սլաքների), հետիոտնի կամ հեծանիվի ուրվապատկերի տեսքով և «X»-աձև:

Կլոր ազդանշաններով լուսացույցները կարող են ունենալ մեկ կամ երկու կանաչ սլաքի (սլաքների) տեսքով ազդանշաններով լրացուցիչ մասեր (սեկցիաներ), որոնք տեղադրվում են կանաչ ազդանշանի մակարդակի վրա:

Լուսացույցի կլոր ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները`
1) կանաչ ազդանշանը թույլատրում է երթևեկությունը (կանաչ ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին և հետիոտներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ).
2) կանաչ թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում, որ դրա գործողության ժամկետը լրանում է, և շուտով կմիանա արգելող ազդանշանը.
3) դեղին ազդանշանն արգելում է երթևեկությունը (բացառությամբ եթե վարորդները հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգնել սահմանված տեղերում) և նախազգուշացնում ազդանշանի առաջիկա փոփոխման մասին.
4) դեղին թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում չկարգավորվող խաչմերուկի կամ հետիոտնային անցման առկայության, ինչպես նաև նախազգուշացնում որևէ վտանգի մասին.
5) կարմիր ազդանշանը, այդ թվում նաև՝ թարթող, արգելում է երթևեկությունը (կարմիր ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին և հետիոտներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ).
6) կարմիր և դեղին ազդանշանների զուգակցումն արգելում է երթևեկությունը և տեղեկացնում կանաչ ազդանշանի առաջիկա միանալու մասին:

Լուսացույցի կարմիր, դեղին և կանաչ գույների սլաքների տեսքով ազդանշաններն ունեն նույն նշանակությունը, ինչ համապատասխան գույնի կլոր ազդանշանները, սակայն դրանց գործողությունը տարածվում է միայն սլաքներով նշված ուղղության (ուղղությունների) վրա: Այդ դեպքում ձախ շրջադարձ թույլատրող սլաքը թույլատրում է նաև հետադարձը, եթե դա արգելված չէ համապատասխան ճանապարհային նշանով: Նույն նշանակությունն ունի լրացուցիչ սեկցիայի կանաչ սլաքը: Լրացուցիչ սեկցիայի անջատված ազդանշանն արգելում է երթևեկությունն այդ սեկցիայով կարգավորվող ուղղությամբ:

Կարմիր և դեղին գույների սլաքների փոխարեն կարող են օգտագործվել սև ուրվագծային սլաքներով նույն նշանակությունն ունեցող կարմիր և դեղին կլոր ազդանշաններ:

Լուսացույցի հիմնական կանաչ ազդանշանի սև ուրվագծային սլաքը (սլաքները) վարորդներին տեղեկացնում է լրացուցիչ սեկցիայի առկայության մասին և ցույց տալիս թույլատրված երթևեկության այնպիսի ուղղություններ, որոնք նախատեսված չեն լրացուցիչ սեկցիայի ազդանշանով:

Հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կիրառվում են հեծանիվի, իսկ հետիոտների տեղաշարժը` հետիոտնի ուրվապատկերների տեսքով լուսացույցի ազդանշաններ: Հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կարող է կիրառվել նաև փոքրացրած չափերի կլոր ազդանշաններով լուսացույց` հեծանիվի ուրվապատկերով ցուցանակի հետ միասին:

Ճանապարհների վրա կույր հետիոտների հաճախակի հայտնվելու վայրերում, երթևեկելի մասը հատելու հնարավորության մասին նրանց տեղեկացնելու համար լուսացույցի կանաչ լուսային ազդանշանը կարող է ուղեկցվել տրանսպորտային միջոցների ձայնային (հատուկ) ազդանշաններից տարբերվող ձայնային ազդանշանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել