Իրավասո՞ւ է արդյոք դատավորը քննարկել հայցի ապահովման մասին միջնորդությունը խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո

Համոզված լինելու համար, որ հայցը բավարարվելու դեպքում կկատարվի դատարանի վճիռը, հայցվորը կարող է հայցադիմումի հետ միասին կամ դրանից հետո միջնորդություն ներկայացնել դատարան` հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջով: Միջնորդությունը քննարկվում է այն ստացվելու օրը, և կայացվում է որոշում:

Նման միջնորդության բացակայության դեպքում, դատարանը կարող է սեփական նախաձեռնությամբ կիրառել հայցի ապահովման միջոց:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97 հոդվածի 1-ին կետը մի դրույթ է պարունակում, որի համաձայն` հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:

Այս առումով հարց է առաջանում` արդյո՞ք կարելի է կիրառել հայցի ապահովման միջոց դատարանի` դատական քննությունը ավարտված համարելու և խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո, եթե խորհրդակցական սենյակ անցնելը դիտենք դատավարության փուլ:

Այս հարցի շուրջ Իրավաբան.net-ի լրագրողը զրուցեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանի հետ:

«Եթե ղեկավարվենք օրենքի տառացի մեկնաբանությունից, իսկ դա իմպերատիվ նորմ է և սահմանված է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86 –րդ հոդվածի 1-ին կետով (իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները), ապա դատավորի` խորհրդակցական սենյակում գտնվելը և վճիռ կայացնելը նույնպես պետք է դիտենք դատավարության փուլ` վճռի կայացման փուլ»,- ասում է իրավաբանը և հավելում, որ նման պայմաններում ստացվում է, որ դատրանն իրավասու է քննարկելու հայցի ապահովման մասին միջնորդությունը նաև խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո:

Մյուս կողմից էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124 հոդվածը սահմանում է, որ բոլոր ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում ներկայացնել լրացուցիչ նյութեր` դրանք հետազոտելու միջնորդությամբ: Նման միջնորդությունների բացակայության դեպքում նախագահողը գործի քննությունը հայտարարում է ավարտված, և դատարանը հայտարարում է վճռի հրապարակման վայրն ու ժամանակը: Այսինքն, ստացվում է, միջնորդություններ կարելի է ներկայացնել մինչև դատարանի` վճռի հրապարակման ժամն ու վայրը հայտարարելը:

«Այս առումով, կարծում ենք, որ պետք է հստակություն մտցնել և քաղաքացիական դատավարության օրենսգրքում կոնկրետ սահմանել` արդյոք դատավորն իրավասու է քննարկել հայցի ապահովման մասին միջնորդությունը վճռի հրապարակման փուլում, թե` ոչ»,-ասում է Գոհար Կոստանյանը:

Հ.Գ. Հարցի կարևորությունը կայանում է նրանում, որ, ինչպես գիտենք, խորհրդակցական սենյակում գտնվելիս դատավորը չպետք է խորհրդակցի այլ անձանց հետ…:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել