Ներկայացվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական նպատակը բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումն է: Հայեցակարգը պետք է հիմք հանդիսանա առողջապահության նախարարության կողմից իրականացվող համալիր միջոցառումների հայեցակարգային մոտեցումները ամրագրելու, առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքը, այլ հարակից օրենսդրական փոփոխությունները մշակելու և 2024 թվականից առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրումն ապահովելու համար:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի առողջապահության ֆինանսավորման համակարգի գնահատման միջազգային համեմատականները և ծախսարդյունավետ ծրագրերի մասով դիտարկումները ցույց են տալիս, որ համապատասխան ֆինանսական միջոցների պայմաններում առողջապահության համակարգը գործում է արդյունավետ և հնարավորություն է տալիս գրանցել բարելավվող ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ կյանքի միջին տևողության աճի, մայրական մահացության, երեխաների մահացության նվազման տեսքով: Սակայն երբ դիտարկում ենք այն միջոցները, որոնց հաշվին ապահովվում են այդ ցուցանիշները, ապա նկատելի է, որ Հայաստանը ունի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շատ երկրների համեմատ ցածր պետական ֆինանսավորում՝ վերջին 25 տարիների ընթացքում ապահովելով առողջապահության բնագավառի մասով համախմբված բյուջեի ծախսերի 5.4%-ը կամ ՀՆԱ-ում շուրջ 1,4%-ը, որն առնվազն 4 անգամ պակաս է Հայաստանի հետ միևնույն եկամտային խմբում գտնվող երկրների միջին ցուցանիշներից։ Ոչ բավարար չափով ֆինանսավորումը բերել է ծառայությունների մատուցման համակարգի մասնատման, իրական ծախսերից ցածր փոխհատուցվող գների, բժշկական մասնագիտացված անձնակազմի բացակայությանը մարզերում: Ֆինանսական մատչելիության ցածր մակարդակը բերել է բժշկական կազմակերպությունների թերի ծանրաբեռնվածությանը և ֆինանսական պատճառներով ոչ աղքատ բնակչության 12,6%-ը, աղքատների 24,5%-ը և ծայրահեղ աղքատների 49%-ը չի հաճախում ԱԱՊ բժշկի:

Առողջապահության պետական ֆինանսական միջոցների պակասը և գրպանից դուրս կատարվող ծախսերի անկառավարելիությունը, խոչընդոտում են համակարգի զարգացմանը և բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը, նպաստում է բազմաթիվ ընտանիքների աղքատացման առողջապահական աղետալի ծախսերի պատճառով, խոչընդոտում է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության և ֆինանսական մատչելիության բարելավմանը: Տնային տնտեսությունների եկամուտներից առողջապահական ծախսերին 10%-ից ավելին ուղղելու ցուցանիշով (16.1%), Հայաստանը գերազանցում է համաշխարհային (12.7%) և տարածաշրջանային (7.4%) միջին ցուցանիշները: Բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է՝ ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում:

Միջազգային փորձի տեսանկյունից բազմաթիվ երկրներ վաղուց ներդրել են առողջապահական ծախսերի խառը ֆինանսավորման համակարգ՝ բժշկական պարտադիր ապահովագրություն, և ներկայումս նրանց հիմնական ռազմավարական խնդիրն է համընդհանուր ծածկույթի ապահովումը բնակչության բոլոր խմբերի համար։ Այս տեսանկյունից, Հայաստանը նույնպես պետք է կիրառի առողջապահական արդյունավետ համակարգեր ունեցող երկրների փորձը` ապահովելով բնակչության ֆինանսական հասանելիությունը և պաշտպանվածությունը հիմնական ծառայությունների փաթեթում ընդգրկված ծառայություններ ստանալիս, կրճատելով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց կատարվող աղետալի ծախսերը և դրա հետևանքով աղքատացող բնակչության թվաքանակը, բարձրացնելով առողջապահության բնագավառում ծախսվող գումարների արդյունավետությունն ու նպատակայնությունը և բարելավվելով բժշկական օգնության և սպասարկման որակը։

Նախագծով ներկայացվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական հայեցակարգային մոտեցումները, ներդրման ակնկալվող արդյունքները, մասնավորապես՝ առողջապահական ծառայություններ ստանալիս բնակչության ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, առողջապահական ծառայությունների ֆինանսական հասանելիության բարելավումը, որոնց արդյունքում հնարավոր կլինի կրճատել բնակչության կողմից կատարվող ծախսերը, այդ թվում աղետալի առողջապահական ծախսերը, կրճատել հիվանդացության, մահացության դեպքերի թիվը, ավելացնել կյանքի միջին տևողությունը, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն մարդկային կապիտալի զարգացմանը և տնտեսական աճին։

Նախագծում ներկայացվել է նաև Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրման ռազմավարությունը, ըստ ներդրման փուլերի իրականացման ենթակա միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել