Բրազիլիայում անցկացվում է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի վերջին հրաժեշտի արարողությունը, hայտնում է CNN-ը: Հուղարկավորությունից առաջ նրա դագաղը կանցկացնեն Սանթոսի փողոցներում, այդ թվում՝ այն փողոցով, որտեղ ապրում է նրա 100-ամյա մայրը:
Նախորդ օրվանից հազարավոր մարդիկ են գնում Սանթոս քաղաքի «Վիլա Բելմիրո» մարզադաշտ՝ վերջին հրաժեշտ տալու լեգենդար ֆուտբոլիստին: Ավելի քան 230 հազար մարդ գնացել է՝ հրաժեշտ տալու Պելեին: Նրանցից շատերը կրել են Բրազիլիայի հավաքականի խորհրդանշական դեղին մարզաշապիկներ:
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն կյանքից հեռացել է 82 տարեկանում: Պելեն կարիերայի 21 տարիների ընթացքում անցկացրել է 1363 խաղ՝ դառնալով ռեկորդային 1281 գոլի հեղինակ։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Պելեն մասնակցել է 92 խաղի՝ դառնալով 77 գոլի հեղինակ։
Պելեն աշխարհի միակ ֆուտբոլիստն է, ով երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ այդ տիտղոսը նվաճելով 1958, 1962 և 1970 թվականներին։ 2000 թվականին Պելեն ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է դարի լավագույն ֆուտբոլիստ։ Վերջին տարիներին Պելեն պայքարում էր քաղցկեղի դեմ։