Ինչպե՞ս է որոշվում ուղղիչ հիմնարկի տեսակը պատժի կատարման համար

Ուղղիչ հիմնարկների տեսակները, ըստ մեկուսացվածության աստիճանների, հետևյալն են.

1) բաց ուղղիչ հիմնարկ.
2) կիսաբաց ուղղիչ հիմնարկ.
3) կիսափակ ուղղիչ հիմնարկ.
4) փակ ուղղիչ հիմնարկ.
5) բուժական ուղղիչ հիմնարկ:

Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ հաջորդ պարբերությամբ սահմանված կարգով և հաշվի առնելով ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելու պահանջները:

Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշվում է հետևյալ առանձնահատկություններով.

1) անզգուշությամբ կատարած հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում՝ բաց ուղղիչ հիմնարկ.

2) դիտավորյալ ոչ մեծ, միջին ծանրության կամ ծանր հանցագործության համար առաջին անգամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկ.

3) առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց պակաս ժամկետով առաջին անգամ դատապարտվելու կամ ռեցիդիվի կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում՝ կիսափակ ուղղիչ հիմնարկ.

4) առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտվելու, ինչպես նաև առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում՝ փակ ուղղիչ հիմնարկ.

5) որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու և բուժսանիտարական ու բուժկանխարգելիչ համապատասխան օգնություն կազմակերպելու անհրաժեշտության դեպքում՝ բուժական ուղղիչ հիմնարկ:

Տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել