Բանկում հաշիվ բացելու համար պետք է բանկի հետ կնքել համապատասխան պայմանագիր:
Բանկային հաշվի պայմանագիրը կնքվում է գրավոր:
Բանկային հաշվի պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է այդ պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
Բանկային հաշվի պայմանագիրը կնքելիս հաճախորդի կամ նրա նշած անձի համար, կողմերի միջև համաձայնեցված պայմաններին համապատասխան, բանկում բացվում է հաշիվ:
Բանկը պարտավոր է բանկային հաշվի պայմանագիր կնքել հաճախորդի հետ, որն առաջարկել է հաշիվ բացել տվյալ տեսակի հաշիվների համար բանկի հայտարարած պայմաններով, որոնք համապատասխանում են օրենքով նախատեսված պահանջներին և դրան համապատասխան սահմանված բանկային կանոններին:
Բանկն իրավունք չունի մերժել հաշիվը բացելը, որով համապատասխան գործառնությունների կատարումը նախատեսված է օրենքով, բանկի կանոնադրությամբ և նրան տրված թույլտվությամբ (լիցենզիայով), բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդին մերժելը հետևանք է բանկային սպասարկում մատուցելու` բանկի հնարավորությունների բացակայության կամ թույլատրվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում: