2023թ․ փետրվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները նախատեսվում է անկանխիկ եղանակով վճարել բացառապես բանկերի միջոցով. ԱՍՀՆ

2023 թվականի փետրվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները (ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում) նախատեսվում է վճարել անկանխիկ եղանակով՝ բացառապես բանկերի միջոցով․ «Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել են Ազգային Ժողովի կողմից։

Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարությունից:

Ներկայումս վերոնշյալ վճարներն անկանխիկ եղանակով տրամադրվում են ինչպես բանկերի, այնպես էլ ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի միջոցով։ Սակայն անկանխիկ վճարումների վերաբերյալ օրենսդրությամբ՝ Ազգային օպերատորը 2023 թվականի փետրվարի 1-ից չի կարող կենսաթոշակներն (նպաստները) անկանխիկ եղանակով վճարել ներկայիս կարգով։

Ըստ այդմ, Ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակն (նպաստը) անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) ցանկացած տարածքային բաժին՝ կենսաթոշակի (նպաստի) վճարումը նախընտրած բանկի միջոցով շարունակելու համար։ Աշխատող քաղաքացիները կարող են դիմել նաև առցանց՝ www.socservice.am կայքէջի միջոցով, եթե դիմելու օրվա դրությամբ՝ կենսաթոշակի վճարումը դադարեցված չէ։

Մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը չդիմելու (Ազգային օպերատորի փոխարեն բանկ չընտրելու) դեպքում՝ փետրվար ամսվա կենսաթոշակի (նպաստի) վճարումն անկանխիկ եղանակով իրականացնելու համար համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) քաղաքացու փոխարեն կընտրի որևէ բանկ։ Հիշեցնենք, որ քաղաքացին ցանկացած ժամանակ կարող է դիմել (աշխատող քաղաքացին՝ նաև առցանց) կենսաթոշակի կամ նպաստի ստացման եղանակը կամ բանկը փոխելու համար։

Միևնույն ժամանակ կշարունակեն գործել կենսաթոշակը (նպաստը) կանխիկ եղանակով վճարելու՝ օրենքով սահմանված բացառություններն, այն է՝  քաղաքացու ընտրությամբ (դիմումի հիման վրա)՝ կենսաթոշակը (նպաստը) կարող է կանխիկ կամ անկանխիկ եղանակով տրամադրվել, եթե վերջինս առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձ է:

Ուստի, եթե քաղաքացին ցանկանում է փոխել պատահականության սկզբունքով ընտրված բանկը, կամ քաղաքացին առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձ է և կենսաթոշակը (նպաստը) ցանկանում է ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով, ապա նա կարող է դիմել ՄՍԾ տարածքային բաժին (աշխատող քաղաքացին կարող է դիմել նաև առցանց)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել