Հրդեհ Նոր Հաճն քաղաքում․ տուժածի վիճակը ծանր է

Նոյեմբերի 11-ին, ժամը 15։16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցում գտնվող հինգհարկանի շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թումանյան փողոցում գտնվող ժամանակավոր կացարանի սենյակներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչ Զ. Գ․-ն (ծնված 1944 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել և հոսպիտալացվել «Նոր Հաճնի շտապ բժշկական օգնության կայան», այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ․ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին, մարվել՝ 16։43-ին։ Այրվել է սենյակը՝ գույքով, վնասվել՝ մյուս սենյակների պատուհանների ապակիները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել