Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, այդ դեպքում ԼՂ հայությունն ինչո՞ւ չի զգում դա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ միջազգային բոլոր հանդիպումներում արձանագրում են՝ ՀՀ տարածքի մի մասն օկուպացված է ու ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից:

«Եթե մենք փոխադարձաբար ընդունում ենք 1991 թվականի սահմանը, դրանով իսկ ֆիքսվում է, որ Ադրբեջանն օկուպացրել է մեր տարածքները», – Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ եթե սահմանի գոյությունը չֆիքսվեր, ո՛չ ԵՄ, ո՛չ էլ որևէ դիտորդական այլ առաքելություն չէր կարող գալ: Վարչապետն ասաց, թե Սոչիում էլ է ֆիքսվել սահմանը ՀԱՊԿ-ի համատեքստում. «Որովհետև ՀԱՊԿ առանցքային երկրի՝ Ռուսաստանի միջնորդությամբ է այդ արձանագրումը տեղի ունեցել»:

Փաշինյանն ասաց՝ Ադրբեջանի նախագահն ասում է, թե Սոչիի ու Պրահայի հայտարարություններով Լեռնային Ղարաբաղի հարցը պատմության գիրկն է ուղարկվել կամ լուծվել է. «Պրահայից ու Սոչիից առաջ էլ էր այդ նույն արձանագրումն անում, այստեղ պետք է հասկանալ՝ որն է նրա արձանագրման տարբերությունը: Մենք ասել ենք ու ասում ենք, որ երբեք էլ ԼՂ հիմնախնդիրը տարածքի խնդիր չի եղել, այլ բան, որ մեր արտաքին քաղաքականությունն այս կոնտեքստը ի վիճակի չի եղել ներկայացնել միջազգային հանրությանը», – ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն. «Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, շատ լավ, այդ դեպքում ԼՂ հայությունն ինչո՞ւ չի զգում դա, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը ԼՂ-ի շուրջ դիրքեր տեղադրել ու ինչո՞ւ են կրակում ԼՂ-ի վրա: Մենք դեմ չենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի կամ լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումը պետք է տեսնեն, զգան ու ընդունեն այնտեղ ապրող մարդիկ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել