Նպատակ ունենք, որ Հայաստանում ուսուցիչը ստանա 800.000, 900.000, 1.200.000 դրամ աշխատավարձ. Նիկոլ Փաշինյան

2023 թվականի պետական բյուջեով 2018 թվականի նկատմամբ կրթության ֆինանսավորման աճը կազմում է շուրջ 70 տոկոս կամ 90.6 միլիարդ դրամ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում՝ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չափազանց կարևոր հեղափոխական գործընթաց է տեղի ունենում հանրակրթության ոլորտում և մենք ստեղծել ենք մի մեխանիզմ, որի արդյունքում ուսուցիչներն իրենք կարող են որոշել իրենց աշխատավարձերի կրկնապատկամ և նույնիսկ եռապատկման մասին: Խոսքը ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի մասին է, և ես ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն կան հարյուրավոր ուսուցիչներ, ովքեր կրկնապատկված և եռապատկված աշխատավարձը ստանում են և տխուր եմ, որ Հայաստանի Հանրապետությունում դեռ կան հազարավոր ուսուցիչներ, որոնք դեռևս այդ հնարավորությունից չեն օգտվել: 2023 թվականի համար ես խնդիր եմ առաջադրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որ ուսուցիչների ատեստավորման և համապատասխանաբար աշխատավարձի աճի այս համակարգը ներդրվի նաև երաժշտական դպրոցներում, արվեստի դպրոցներում, մարզադպրոցներում և մանկապարտեզներում դաստիարակների համար»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ իրենց նպատակն է, որ Հայաստանում ուսուցիչը ստանա 800.000, 900.000, 1.200.000 դրամ աշխատավարձ և դա ամենևին էլ ուտոպիստական նպատակ չէ:

«Մենք մի շարք դեպքերում, մասնավորապես՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում և բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների պարագայում 2023 թվականին կավելացնենք աշխատավարձերը առանց նույնիսկ ատեստավորման»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյությում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել