Ամբողջը բամբասանքների և հերյուրանքների վրա հիմնված ինչ-որ վարույթ է․ Գայանե Պապոյանը՝ էրիկ Ալեքսանյանի գործի մասին

Էրիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Գայանե Պապոյանը։

Պաշտոնատար անձը, որի մասին նշվում է, դատավոր Արուսյակ Ալեքսանյանն է։ Փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված «միջնորդության փաստական տվյալների հետ»։ Գլխավոր դատախազը արդեն իսկ միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնության հարցով:

Այսօր Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է, վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահին։

Գայանե Պապոյանի խոսքով՝ «այստեղ ընդհանրապես գործ չկա»։

«Ամբողջը բամբասանքների և հերյուրանքների վրա հիմնված ինչ-որ վարույթ է։ Գործում որևէ լուրջ ապացույց առկա չէ։ Այս ամեն ինչը պատասխանն է նրա, որ Էրիկ Ալեքսանյանը մշտապես, անգամ քաղաքական գործերով նախկին իշխանությունների առանձին անդամների շահերն է պաշտպանել»,-նշեց Պապոյանը՝ հավելելով, որ գործընթացը քաղաքական հետապնդում են որակում։

Փաստաբանի խոսքով՝ գործը վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի վստահորդներից մեկին, որի նկատմամբ կիրառվել էր գրավ։ ԱԱԾ քննչական դեպատամենտը կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան, որի շրջանակներում դատարանը անդրադառնալու է նաև ձերբակալության իրավաչափությանը։ Նիստի անցկացման օրը դեռ հայտնի չէ։

Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրած դատավորն է եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել