Արդարադատության նախարարությունը այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հանրային քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվող լրացումների արդյունքում Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում՝ վճռաբեկ դատարանի նախագահին և վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) Օրենքով սահմանված կարգով պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում տրամադրելու մոտեցումը կկիրառվի նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի նկատմամբ։
Ըստ արդարադատության նախարարության՝ սրանով փորձ է արվում վերացնել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների՝ օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի (Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը սահմանվում է օրենքով, և այն չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից) կարգավորման հետ անհամապատասխանությունը:
Նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ օրենքի դրույթների համադրված ուսումնասիրությունից բխում է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի իմաստով վարձատրությունն իր մեջ ներառում է հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը (ներառում է հավելումը, հավելավճարը) և պարգևատրումը:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանվում է, որ հավելումը ենթակետում նշված պայմաններից որևէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի և վճռաբեկ դատարանի պալատի նախագահի) պաշտոն զբաղեցնելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության, առանձնակի ռիսկայնության, ինչպես նաև հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացումը կամ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացումն է:
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ձևակերպումից պարզ է դառնում, որ պաշտոնային դրույքաչափը Օրենքի իմաստով հիմնական աշխատավարձն է։ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական պաշտոն և այլ պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանված են Օրենքի 1-ին հավելվածով։
——————
Iravaban.net-ը հայտնում է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի Հավելված 1-ի համաձայն Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատավարձը կազմում է շուրջ 1,088,000 դրամ, ԲԴԽ անդամի աշխատավարձը՝ 816,000 դրամ։ Նախագծի ընդունման դեպքում, ԲԴԽ նախագահի աշխատավարձը հավելավճարով կկազմի 1,632,000 ՀՀ դրամ, իսկ ԲԴԽ անդամինը՝ 1,224,000 ՀՀ դրամ։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Կարեն Անդրեասյանն է, որը օրեր առաջ՝ հոկտեմբերի 6-ին է Ազգային ժողովի կողմից ընտրվել ԲԴԽ անդամի պաշտնում, հոկտեմբերի 7-ին՝ նախագահի, իսկ մինչ այդ զբաղեցնում էր Արդարադատության նախարարի պաշտոնը։ Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը ևս հոկտեմբերի 6-ին է ընտրվել ԲԴԽ անդամի պաշտնում։ Ինչպես արդեն հայտնել ենք, Թումանյանցի մասնագիտական աշխատանքային բավարար ստաժի առկայությունը կասկածելի է։
Լուսանկարում՝ ձախից աջ․
- ԲԴԽ անդամ՝ Երանուհի Թումանյանց
- Արդարադատության նախարարի պարտականություններ կատարող՝ Գրիգոր Մինասյան
- ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյան