Ովքե՞ր իրավունք ունեն տեղեկություն ստանալ անձի քաղաքացիության վերաբերյալ

Անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը.
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը.
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

Անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար վերը նշված պետական կառավարման մարմինները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ իր քաղաքացիության վերաբերյալ, կամ նրա ներկայացուցիչը (այսուհետ՝ տեղեկություն հայցող) Հայաստանի Հանրապետությունում գրավոր հարցում են ներկայացնում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ՝ անձնագրային և վիզաների վարչություն) կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանում (այսուհետ՝ ստորաբաժանում):

Օտարերկրյա պետությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը տեղեկություն ստանալու համար գրավոր հարցում է ներկայացնում տվյալ պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Հարցումը պետք է պարունակի տեղեկություն հայցողի անվանումը, այն անձի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, վայրը, ում քաղաքացիության մասին հայցվում է տեղեկությունը, տեղեկություն հայցողի պաշտոնը, եթե հարցումը կատարում են տեղեկություն հայցողները, տեղեկություն հայցողի ստորագրությունը և ազգանունը, տեղեկությունը հայցելու տարեթիվը, ամիսը, օրը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու ներկայացուցչի կողմից գրավոր հարցում ներկայացնելիս հարցմանը կցվում են նաև քաղաքացու կողմից տրված լիազորագիրը, որը նոտարական վավերացում չի պահանջում, ներկայացուցչի և ներկայացվողի անձնագրերի պատճենները:

Օրենքով նախատեսված պետական մարմինների ղեկավարները հրամանով սահմանում են այն պաշտոնները, որոնք զբաղեցնող անձինք իրավունք ունեն ստորագրելու գրավոր հարցումերը: Հրամանի մեկ օրինակն ուղարկվում է անձնագրային և վիզաների վարչություն:

Օտարերկրյա պետությունում գործող՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը գրավոր հարցումն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է անձնագրային և վիզաների վարչություն:

Անձնագրային և վիզաների վարչությունը կամ ստորաբաժանումը հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում տեղեկություն հայցողին տալիս է անձի քաղաքացիության մասին տեղեկանք:

Անձնագրային և վիզաների վարչությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և օտարերկրյա պետությունում գործող՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով քաղաքացուն կամ նրա ներկայացուցչին տեղեկանքը տալիս է 15-օրյա ժամկետում:

Տեղեկանքն ստորագրում և կնքում է անձնագրային և վիզաների վարչության կամ ստորաբաժանման ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել