Պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերն ու անվճարունակության հատկանիշները

Պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկությանդիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`
1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։
Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը.
2) սեփական նախաձեռնությամբ` (կամավոր սնանկության դիմում) եթե պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն)։ Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա օրենքի համաձայն բռնագանձում չի կարող տարածվել:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող և այդ ֆոնդի միջոցների սեփականատեր չհամարվող ֆոնդի կառավարչի համար ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած պարտավորությունները օրենքի իմաստով համարվում են պարտավորություն, եթե համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների` դրանք ենթակա են կատարման նրա հաշվին: Ընդ որում, այն պարտավորությունները, որոնք ենթակա են կատարման սույն մասով նախատեսված ֆոնդի կառավարչի հաշվին միայն ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում, այդ կառավարչի համար սույն օրենքի իմաստով պարտավորություն են համարվում միայն ֆոնդի ակտիվների չբավարարող մասով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող և այդ ֆոնդի միջոցների սեփականատեր համարվող ֆոնդի կառավարիչը համարվում է անվճարունակ նաև այն դեպքում, եթե իր կողմից կառավարվող ֆոնդի (ֆոնդերի) ակտիվների հաշվին կատարման ոչ ենթակա պարտավորությունները գերազանցում են ֆոնդի կառավարչի այն ակտիվների արժեքը, որոնք իր կողմից կառավարվող ֆոնդի ակտիվներ չեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել