Օգոստոսի 23-ին Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օրն է

Սուրբ Հովակիմի և Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ` լինելով Աստվածամոր ծնողները: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից:

Մի օր, տաճարում ընծա մատուցելիս, քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը: Նրա օրինակով Աննան էլ տանն աղոթում և ապաշխարելու է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից:

Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Աննան հղիանում է, և ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ: Յուղաբեր կանայք Հիսուսի չարչարանքների, թաղման և խաչելության ականատեսներն են: Նրանք Տիրոջ Հարության առաջին ավետաբերներն են: Յուղաբեր կանայք Քրիստոսին հետևեցին Իր ողջ երկրային առաքելության իրագործման ընթացքում:

Եկեղեցու կողմից նրանք կոչվում են «Յուղաբեր», որովհետև Միաշաբթի (Կիրակի) առավոտ գերեզման գնացին` Հիսուսի մարմինն իրենց պատրաստած անուշահոտ յուղերով օծելու: Իրենց անձնվիրության շնորհիվ նրանք առաջինը տեսան Հարուցյալ Փրկչին և այդ մասին հայտնեցին առաքյալներին: Նրանք նաև խմբովին ներկա էին Վերնատանը` Հոգեգալստին և առաքյալների հետ ստացան Սուրբ Հոգու շնորհները:

Այն նշվում է օգոստոսի 23-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել