Ի՞նչ սահմանափակումներ են սահմանված հատուկ քննչական ծառայողի համար

Հատուկ քննչական ծառայության ծառայողը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Հատուկ քննչական ծառայության ծառայողին գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույն գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց հատուկ քննչական ծառայության ծառայող չհանդիսացող անձը կարող էր հավակնել:

Հատուկ քննչական ծառայության ծառայողն իրավունք չունի լինելու անհատ ձեռնարկատեր:

Հատուկ քննչական ծառայության ծառայողն իրավունք չունի լինելու տնտեսական ընկերությունների մասնակից կամ վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու, եթե, բացի ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելուց, նա ներգրավվում է նաև այդ կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը:

Հատուկ քննչական ծառայության ծառայողն իրավունք չունի`
1) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչ, բացառությամբ այն դեպքերի, երբ նա ներկայացնում է իր ընտանիքի անդամներին կամ իր խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձանց.
2) իր պաշտոնեական դիրքն օգտագործելու կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու.
3) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
4) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական գույքը և ծառայողական տեղեկատվությունը.
5) ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Հատուկ քննչական ծառայության ծառայողին արգելվում է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայությամբ համատեղ աշխատել մերձավոր ազգականների կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, ամուսնու զավակ, ամուսնու եղբայր և ամուսնու քույր) հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել