Երբ ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակ է

Տարերային աղետների, ուղղիչ հիմնարկի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության, զանգվածային անկարգության, ինչպես նաև դատապարտյալների զանգվածային անհնազանդության, ուղղիչ հիմնարկի վրա հարձակման իրական վտանգի դեպքերում ուղղիչ հիմնարկում կարող է հայտարարվել արտակարգ իրավիճակ։

Արտակարգ իրավիճակ հայտարարում և դադարեցնում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը՝ մինչև երեսուն օր ժամկետով: Բացառիկ դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել ևս մինչև երեսուն օրով, իսկ հակահամաճարակային նպատակներով՝ մինչև դրա անհրաժեշտությունը վերանալը։

Արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում կարող է կասեցվել դատապարտյալի՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքով սահմանված մի շարք իրավունքների իրականացումը` պահպանության և հսկողության ուժեղացված միջոցառումների սահմանման, ծանրոցի և հանձնուքի, փաթեթի, դրամական փոխանցումների ընդունման, տեսակցությունների սահմանափակման, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների ձեռնարկման ձևով: Ուղղիչ հիմնարկի ներքին կանոնակարգը արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դատապարտյալի, ուղղիչ հիմնարկի վարչակազմի և այլ անձանց կյանքին ու առողջությանը սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում ուղղիչ հիմնարկի պետը կարող է իրավիճակին համապատասխան միջոցներ կիրառել վերը նախատեսված միջոցառումների սահմաններում՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին:

Արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում ուղղիչ հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատապարտյալներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել