Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մարդասպանը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, հարձակումից առաջ նամակ է գրել՝ ակնարկելով իր ծրագրերը։
Սպանությունից հետո նամակը իրենց փոստարկղում հայտնաբերել է «Համախմբման եկեղեցի» կրոնական կազմակերպությունը, որին Յամագամին մեղադրում էր իր ընտանիքի ֆինանսական վատ վիճակի համար։
Թեև ծրարի վրա չկա ուղարկողի անունը, սակայն ներսում նրա մոր և եկեղեցու միջև կնքված պայմանագիր է եղել, որը ներառում էր Յամագամիի անունն ու հասցեն, ի թիվս այլ բաների: Տեքստում Յամագամին գրել է, որ Աբեին մեղավոր չի համարում։ Միաժամանակ նա խոստովանել է, որ քաղաքական գործիչը, իբր, համակրում է կրոնական կազմակերպությանը, որին մարդասպանը համարում է իր ընտանիքի խնդիրների պատճառը։
Հիշեցնենք, որ Աբեի վրա հարձակման մասին հայտնի է դարձել հուլիսի 8-ի առավոտյան։ Միջադեպը տեղի է ունեցել Ճապոնիայի Նարա քաղաքում քարոզարշավի ժամանակ։ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի նախկին նավաստի Յամագամին թիկունքից մոտեցել է քաղաքական գործչին և որսորդական հրացանով կրակել նրա վրա։
Սինձո Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ՝ 2006-2007 և 2012-2020 թվականներին: