Նախօրեին անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի Մուղլա նահանգի Դատչա ծովափնյա հանգստավայրային քաղաքում: Քամու հետևանքով հրդեհը արագորեն տարածվել է թերակղզու վրա տեղակայված քաղաքի շրջակա անտառում:
Այս մասին տեղեկանում ենք Еrmenihaber.am-ից։
Գրեթե 1 օր շարունակվող հրդեհը, որը դեռևս չի մեկուսացվել, ընդհուպ մոտեցել է քաղաքաի ամառանոցային հատվածին: Քաղաքի Մեսուդիյե թաղամասի 450 տներից ընդհանուր առմամբ շուրջ 2500 բնակիչ տարհանվել է: Որոշ տներ վնասներ են կրել տարածվող հրդեհից:
Հրդեհի մարման աշխատանքները, որոնք ընդհանուր առմամբ ընդհատվել էին գիշերվա ժամերին, հուլիսի 14-ի վաղ առավոտվանից մեծ թափով շարունակվում են: Նշվում է, որ աշխատանքներին ներգրավված են 10 հրշեջ ինքնաթիռ, 17 ուղղաթիռ, 179 հրշեջ մեքենա, 29 տրակտոր ու շուրջ 1500 հրշեջ:
Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է մինչ այս պահը հրդեհից 19 տուժածի մասին, որոնցից 9-ը հիվանդանոցներում ստանում են ամբուլատոր բուժոգնություն, մյուսները դուրս են գրվել: Տուժածների թվում կան նաև 3 հրշեջներ, որոնք թեթև վնասվածքներ են ստացել հրշեջ մեքենայի շրջվելու հետևանքով:
Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառային տնտեսության նախարար Վահիթ Քիրիշջին էլ հայտնել է, որ նախնական վարկածով հրդեհը բռնկվել է էլեկտաէներգիայի ենթակայանից: