Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Արցախի հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի նախագահությամբ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն»-ում տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են 2022 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և հստակեցվել են աշխատանքային հետագա ծրագրերը: Նիստի ընթացքում արձանագրվել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես համագործակցելով Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների հետ, օգտագործելով բոլոր լծակները՝ մարդասիրական կառույցների և մարդու իրավունքների եվրոպական դատարանի խողովակներով մշտապես ակտիվ ու նախաձեռնող է անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման հարցերով:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի առաջին կիսամյակը, որոնողական աշխատանքների արդյունքում ի հայտ է բերվել 1711 աճյուն և մասունքներ: Մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական:
Կարեն Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով: